«Ուլիսը» ամրապնդվեց 2-րդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հետաձգված խաղում Երեւանի «Ուլիսը» հյուրընկալվելիս հաղթեց Երեւանի «Միկային»` 1:0: Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Նորայր Գիգորյանը:
Այս հաղթանակից հետո «Ուլիսը» վաստակեց 32 միավոր եւ ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում, իսկ «Միկան», հակառակը, նոր կորուստ կրեց եւ էլ ավելի հետ մնաց առաջատար եռյակից (առաջին տեղից միավորների տարբերությունն արդեն հավասար է 12-ի):
«Ուլիսի» մարզիչ Արթուր Ասոյանը խաղից հետո ասաց, որ ֆուտբոլիստները լիովին կատարեցին իրենց առջեւ դրված առաջադրանքները, որի հաշվին էլ թիմը հաղթանակ տարավ: Իսկ «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը իր թիմի պարտությունը բացատրեց մարզական բախտով: «Հանդիպումը շատ անվստահ սկսեցինք եւ շատ արագ գոլ բաց թողեցինք: Հետո կարծես կրկնվեց «Ռաբոտնիչկիի» հետ հանդիպումը: Մենք կրկին բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, բայց այդպես էլ չկարողացանք գոլ խփել: Երեւում է, մարզական բախտը պարզապես երես է թեքել մեր ֆուտբոլիստներից»:
«Միկայի» գլխավորը գտնում է, որ այդ վիճակից ելնելու համար անհրաժեշտ է մարզումների ժամանակ ավելի մեծ ուշադրություն դարձնել անպաշտպան դարպասին կատարվող հարվածներին: