Բացել լրահոսը Փակել լրահոսը
171299173_151793553526847_621694979634615035_n
A A
Հասարակություն

Համացանցում հայհոյանքի համար մինչեւ 150000 դրամ տուգանք․ դատախազության նախաձեռնության վտանգները (տեսանյութ)

Հրապարակային հայհոյանքի, անպարկեշտ վիրավորանքի համար կսահմանվի տուգանք.  Սա  դատախազության նոր նախաձեռնությունն է։

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելով առաջարկվում է հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային կայքերով, այդ թվում՝ սոցիալական ցանցերով խոսքի, պատկերի, նկարի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը դիտարկել որպես վարչական իրավախախտում և դրա հեղինակին տուգանել 100-150 հազար դրամի չափով։

Իրավաբան Արա Ղազարյանը «Մեդիա կենտրոնում»  հրավիրված քննարկման ասում է, որ ժամանակին առաջարկություն է արվել, որ ատելության խոսքը մտցվի վարչական օրենսդրության սահմաններ, ոչ թե հայհոյանքը․

«Օրինակ, ֆուտբոլային հանդիպման ժամանակ, եթե մասնակիցները ռասիստական բնույթի բացականչություններ են անում մյուս թիմի սպորտսմենների նկատմամբ։ Ժամանակին արվել է առաջարկություն այդ կոնտեքստով», - ասաց իրավաբանը։

Հայհոյանքի մասով, նրա խոսքով, արվել է առաջարկություն, եթե կրկին դա պայմանավորված է անձի կամ մարդկանց խմբի ինչ-ինչ հատկանիշներով՝ ռասա, սեռ, գենդերային ինքնություն և այլն․

«Բայց ես չէի կարծում, որ հայհոյանքը կարող է տարվել վարչական օրենսդրության դաշտ։ Մնում է հուսալ, որ  չի կիրառվի լրատվամիջոցների դեմ՝ ազատ խոսքը սահմանափակելու նկատառումով», - ասաց Արա Ղազարյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես կարևորում է, որ այս ամենը չօգտագործվի ընդդեմ ազատ խոսքի և լրատվամիջոցների գործունեության, մինչդեռ այս նախաձեռնության տրամաբանությունը և էությունը ցույց է տալիս, որ ավելի շատ հենց այդ ուղղությամբ է գնալու այս օրինագիծը․

«Ինձ մոտ առավել մտահոգություն է առաջացնում այն, որ բացի հայհոյանքը, շարադրանքում գրվում է նաև վիրավորանք բառը։ Այստեղ կրկին հարց է առաջանում, թե ինչպես են տարբերելու հայհոյանքը վիրավորանքից և արդյոք հայհոյանքը վիրավորանք չէ։ Եվ եթե վիրավորանքը, որպես այդպիսին, նախատեսված է Քաղաքացիական օրենսգքրի 1087․1 հոդվածում, ի՞նչ իմաստ ունի դա նորից նաև քրեական դաշտ տանել», - ասաց Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ ավելորդ է հատկապես ընդգծելը լրատվամիջոցների հրապարակումների կետը և այստեղ է թաքնված շան գլուխը։ Այս օրենքի նախագիծը, ըստ նրա, այն տրամաբանական շարունակությունն է մի շարք նախաձեռնությունների, որոնցով, իսկապես, սահմանափակվում է լրատվական գործունեությունը։ Դրանց մեջ է նաև չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու համար տուգանք նախատեսելը։

Թե ի՞նչ դրդապատճառներ կային այս օրենքի նախագծի առաջ բերման վերաբերյալ, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ տպավորություն կա, թե իշխանության առանձին ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ «ինչ-որ մուռ» են պահում կոնկրետ անձանց, աղբյուրների նկատմամբ և մտածում են՝ ինչ օրենսդրական կարգավորումներ պետք է լինեին, որ այդ անձանց պատժեին կամ այդ աղբյուրը փակեին։

Բացի դրանից, Բորիս Նավասարդյանի խոսքով, երբ նշվում են նաև սոցիալական ցանցերը, չի հստակեցվում, արդյո՞ք եթե մարդը, օրինակ, 5 հոգանոց խմբում է հայհոյանք գրել այդ դեպքում է պատասխանատվության ենթարկվելու, թե՞ անսահմանափակ լսարանի համար գրված հրապարակումներում հայհոյանք օգտագործելու դեպքում։

Մասնագետները նշեցին, որ որպես թեմային առնչվող կենտրոններ և կազմակերպություններ, իրենց ոչ ոք չի դիմել՝ քննարկումների, խորհրդատվությունների և կարծիքների համար։

Աշոտ Մելիքյանն ասաց, որ ընտրությունների հետ այս նախագիծն այնքան էլ չի կապում, սակայն քաղաքական ենթատեքստ տեսնում է։ Սա հետպատերազմյան շրջանում կարելի էր ենթադրել։ Բացի դրանից, ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձում են սիրաշահել հանրությանն ու ընտրողներին, սակայն արդյո՞ք պետք էր նման նախագծով էլ ավելի փչացնել հարաբերությունները, օրինակ, լրատվամիջոցների հետ։