Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մասնագիտական առումով ՍԴ-ի որոշումը ինձ չի համոզել․ դատախազ Գևորգ Բաղդասարյան (տեսանյութ)

Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են բողոքարկել Աննա Դանիբեկյանի որոշումը,  հայտնեց, որ նախորդ նիստի՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի 300,1 հոդվածով արդարացման որոշումը նոր է ստացել, դեռ չի ծանոթացել, բայց ծանոթացել է փաստաբանների դիտարկումներին, որոնք իրեն չեն համոզել․

«Արդարադատությո՞ւն է այն իրավիճակը, երբ բոլորս կարող ենք ասել, որ անձի արարքում այս հանցակազմը կա, և այս հանցակազմի մասին խոսում ենք, որովհետև հատուկ նորմը վերացվել է, մնացել է ընդհանուրը, ու չենք կարողանում դատավարական որևէ գնահատական տալ, դա լա՞վ արդարադատություն է»։

Բաղդասարյանը պնդում է՝ իրենց մոտեցումը ՝ 300,1 հոդվածը խնդիր չուներ, իսկ խնդիր ունենալու վերաբերյալ փաստաբանների կանխատեսումները բավարար չէին, որ ընտրություն արվեր հոդվածների մեջ արարքը որակելիս․

«Քանի դեռ ՔՕ-ում կար այդ հոդվածը, արարքը չէր կարող որակվել 309 հոդվածի 3-րդ մասով, այս հոդվածով արարքը կարող էր որակվել, եթե չլիներ 300,1 հոդվածը»։

Բաղդասարյանն ասում է՝ ՍԴ-ի որոշման հետ ունի մասնագիտական անհամաձայնություն․

«Հակասահմանադրական ճանաչված նորմը ՔՕ-ում եղած քիչ նորմերից էր, որը կատարելագործման այդքան փուլեր էր անցել, 2009 թվականին դիմել էին Վենետիկի հանձնաժողով այս նորմի հարցով, ստացվել էր դրական եզրակացություն, ՍԴ-ն դիմումի քննարկման շրջանակներում դիմեց Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ, ստացավ կարծիքներ, որոնցում հիմքեր չկային պնդելու, որ անորոշություն է։ Վենետիկի հանձնաժողովը օրինակներ էր բերել, որ եվրոպական մի շարք պետություններում այս բնույթի հանցակազմերը ձևակերպված են որպես բլանկետ՝ հղում տալով ամբողջ Սահմանդրությանը, մինչդեռ մեր պարագայում հղում էր տրված կոնկրետ նորմերին»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքին, դատախազն ասում է՝ սա օրենքով սահմանված կարգով առաջադրված մեղադրանք է, որի հիմնավորվածությունը կարող է որոշել քրեական գործը քննող դատարանը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մինչև մայիսի 4-ը: 

Այսօրվա նիստին Քոչարյանը չէր ներկայացել, փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել բժշկական ցուցումով, քանի որ նրա մոտակա շրջապատից մեկ անձ եղել է հաստատված վարակակիր, այսինքն՝ նախկին նախագահը կոնտակտավոր է։