Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ․ հանե՛ք Ձեր թեկնածությունը․ չեմ հավատում ձեր կամքին․ Բաբաջանյան (տեսանյութ)

«Պարոն Բունիաթյան, ես ուզում եմ հասկանալ՝ Ձեզ ով է միջնորդել այս պաշտոնի համար և ինչպես եք Դուք դարձել իշխող «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն այս կարևոր պաշտոնի համար», - ԱԺ նիստում հարց ուղղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածու Լևոն Բունիաթյանին։

Նա նշեց, որ 2016 թվականին Լևոն Բունիաթյանը դուրս է եկել Էլեկտրական ցանցերից և դա այն ժամանակահատվածն էր, երբ, այսպես ասած, առողջացման գործընթաց էր սկսվում ցանցերում՝ 2015-ի իրադարձություններից հետո․

«Կարելի՞ է իմանալ՝ ինչու հենց 2016 թվականին Դուք դադարեցրիք համագործակցությունը հիմնարկի նոր ղեկավարության հետ։ Ես ուզում եմ, որ խոսեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամների, նաև նախագահի՝ Ռոբերտ Նազարյանի վերաբերյալ այս օրերին ևս շրջանառվող հայտնի քրեական գործի վերաբերյալ, որի շուրջ տևական գործընթացներ են տեղի ունենում։ Ի՞նչ է Ձեր վերաբերմունքը դրան», - ասաց Բաբաջանյանը։

Լևոն Բունիաթյանը պատասխանեց, որ որևէ կուսակցական պատկանելություն չունի և չի կարող պատասխանել՝ ով է միջնորդել։ Հաշվի են առել իր աշխատանքային փորձն ու գիտելիքները․

«Չեմ կարող ասել՝ նախկին անդամների և հանձնաժողովի նախագահի այս գործընթացի վերաբերյալ, քանի որ ես իրավապահ չեմ, թող այդ գործը իրավապահ մարմինները իրենց լիազորությունների ներքո իրականացնեն և բոլորիս ներկայացնեն այդ՝ հիմնավոր է, թե ոչ», - ասաց Բունիաթյանը։

Արման Բաբաջանյանն արձագանքեց․ «Այս անպատրաստ վիճակն իսկապես անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ և «Իմ քայլը» խմբակցության վերաբերմունքը՝ կոնկրետ այս թեկնածուին ներկայացնելն ուղղակի անթույլատրելի է։ Առաջարկում եմ՝ հանեք Ձեր թեկնածությունը և գնաք, Ձեր մասնավոր գործով զբաղվեք։ Չեմ հավատում, որ Դուք այնքան կամք ունեք, որ մեծ, խոշոր ընկերությունների շահը ստորադասեք հանրային շահին, մեր երկրի իրական շահին», - ասաց նա։