Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իմ համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, ով դավաճանել է իր թիմին․ Ալեքսանյանը՝ պատգամավորներին ուսապարկերի հետ համեմատելու մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. իմքայլական Սուրեն Գրիգորյանին փոխարինեց «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանը:

Վերջինս  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին խոսնակն է․  նոր պատգամավորը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր հայտնի արտահայտությանը, թե  եթե Սոֆյա Հովսեփյանի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», Հովսեփյանը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

Դրանից հետո իշխանական պատգամավորներին սկսեցին համեմատել ուսապարկերի հետ։
«Իմ գրոտեսկային համեմատությունը վերաբերել է  մի պատգամավորի, ով դավաճանել է իր քաղաքական թիմին, դավաճանել է իր այն ընտրողներին, ովքեր իրեն ձայն  էին տվել այդ մարդուն՝ լինելու նեցուկ այս քաղաքական թիմին»,-իր արտահայտությունն այսպես պարզաբանեց Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ քաղաքական դավաճանությունը ևս դավաճանութուն է։

Լրագրողների դիտարկմանը, թե իրենց մեղադրում են հայրենիքը դավաճանելու մեջ, Ալեքսանյանն արձագանքեց․

«Մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել նրանով, որ թալանել է Հայաստանի Հանրապետությունը, տարիներ շարունակ աչքի է ընկել բանակի թալանով, լկտիությունը այդ մարդկանց հասել է այն աստիճան, որ ծաղրում են ՀՀ վարչապետին զինվորներին թարմ միրգ տալու համար։ Դուք տեսե՞լ եք դավաճանության մեջ մեղադրողների դղյակները»։

Ալեքսյանյանի խոսքով՝ Ադրբեջանը տարիներ շարունակ զինվել է ու զինել բանակը նավթադոլարներով, իսկ Հայաստանում բանակը թալանել են 25 տարի․

«Բնականաբար, 25 տարիների արդյունքում գալու էր ու հասելու էր ուժերի համադրելիության այնպիսի աստիճանի, որը բեկել 2,5 տարում մեզ, ցավոք, չի հաջողվել։ Այո՛, մենք գուցե մեղավոր ենք այն բանում, որ 2,5 տարում մեզ չի հաջողվել բեկել այդ հարաբերակցությունը»,- նշեց նա և հավելեց, թե մեր պարտության հիմնական մեղավորը նրանք են, ովքեր 25 տարի թալանել են բանակը։