Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թուրքիան և Ադրբեջանը այո՛, թշնամի են, այո՛ բարբարոս պետություններ են․ պատգամավորները՝ Ադրբեջանում բացված «պուրակի» մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի քառօրյան այսօր մեկնարկել է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների կողմից դատապարտող հայտարարություններով՝ ուղղված Ադրբեջանում բացված «պուրակին», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ։

Նախ ելույթ ունեցավ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, վերջինս հայտարարեց՝ սա ապտակ էր ոչ միայն մարդկությանը, այլ նաև համամարդկային արժեքներին․

«Սա նվաստացում է, սա անարգանք է մեր զոհերի, գերիների և անհետ կորածների նկատմամբ»,-հավելեց Բաղդասարյանը։

Բաքվում բացված պուրակը համակարգված ծայրաստիճան հայատյացության հերթական դրսևորում որակեց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը․

«Ադրբեջանի կողմից հայ գերիներին չվերադարձնելու և հայության դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքների հռետորաբանության համատեքստում հայկական քաղաքական հարթակում հնչող ձևակերպումները հարևանների հետ երկխոսելու, մեր հայրենիքի մաս կազմող այս կամ այն տարածքի պատկանելությունը կասկածի տակ դնող հայտարարությունները ծանրագույն պարտությունից հետո Ապրիլի 24-ին ընդառաջ առնվազն մտահոգիչ են և անթույլատրելի»,-ասաց Գևորգյանը՝ հավելելով՝ խաղաղություն չեն մուրում։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը պնդեց՝ այս ամենից հետո պետք է ավարտված համարել դիրսկուրսը՝ թշնամի՞ են արդյոք Ադրբեջանը և Թուրքիան, թե ոչ․

«Այո՛, թշնամի են, այո՛ վաղեմի թշնամի են, այո՛ բարբարոս պետություններ են, իրենց գաղափարախոսությունն է հայերի և Հայաստանի ոչնչացումը»։

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ընդգծեց՝  ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները պատերազմական հանցագործներ են․

«Պարտադիր չէ, որ պուրակ բացվի, և նման ակնհայտ հանցագործություններ ի ցույց դրվի աշխարհին, որպեսզի այստեղ հնչեն նման հայտարարություններ, և պատգամավորներն ի վերջո հասկանան, որ մենք գործ ունենք հանցագործի հետ»։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ ենք անում, որ այդ պուրակները չբացվեն․

«Ո՞ւր է մեր ԱԳՆ-ի հայտարարությունը, ձեզ թվում է՝ Ալիևին շան տուր եք տալիս հայերենով, դա ինչ-որ ազդեցությո՞ւն է ունենում աշխարհի վրա, միջազգային դիվանագիտական աշխատանքը ո՞ւր է, պետք է գործ արվի, պետք է ամբողջ աշխարհը տեսնի՝ ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը, պետք է աշխատանք տարվի»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր հերթին պնդեց՝ գերեվարված հայ զինծառայողները պատանդ են ռուս-թուրքական տանդեմի ձեռքին․

«Մոսկվան չի կարողանում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ձեռք բերված իր միջնորդի խաղաղապահ դերը, Մոսկվան պետք է երաշխավորեր մեր գերեվարված հայրենակիցերի վերադարձը հայրենիք»։