Բացել լրահոսը Փակել լրահոսը
172465401_2855316844741538_214186775621535521_n
A A
Պաշտոնական

Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկել է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։
Համաձայն ԱՀ Առողջապահության նախարարության և նախարարին կից մասնագիտական խորհրդի կատարած ուսումնասիրության՝ Արցախի բժշկական հաստատություններում այս պահին մոտ 70 բժիշկ-մասնագետների կարիք կա, որոնցից 20-ը՝ հրատապ։ Կադրերի խնդիրն առաջացել է հատկապես հետպատերազմյան շրջանում բժիշկների արտահոսքի հետևանքով։
«Բժիշկները Արցախի համար» ծրագրին դիմած առաջին խումբն ապրիլի 4-ից մեկնել է Մարտունու շրջան, որտեղ աշխատելու է 2 շաբաթից 6 ամիս ժամկետով։ Գործուղման ավարտին նրանց փոխարինելու է հերթական բժիշկների խումբը։
Արցախ մեկնած բժիշկների վարձատրությունն ու կեցությունը ապահովում է ԱՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացնում է Հայ օգնության ֆոնդը՝ Ամերիկայի հայ բժիշկների միության և Րաֆֆի Հովհաննիսյան հիմնադրամի աջակցությամբ։