Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190111_153320_s_Mantashyan
A A
Պաշտոնական

Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը

Ապրիլի 9-ին կյանքից հեռացավ բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: 

Աադոլֆ Մանթաշյանը ծնվել է Երևանում՝ 1932թ. օգոստոսի 16-ին: Նա իր գիտական գործունեությունը սկսել է 1956թ., երբ գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և, որպես լավագույն շրջանավարտ, հրավիրվել աշխատելու Քիմիական տեխնոլոգիաների պրոցեսների և ապարատների ամբիոնում: 1958թ. նա գործուղվել է Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որպես ասպիրանտ, որտեղ և ճանաչված գիտնական Արամ Նալբանդյանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանել թեկնածուական դիսերտացիան: 

Անգնահատելի են Ադոլֆ Մանթաշյանի ծառայություններն ակադեմիկոս Արամ Նալբանդյանի կողմից ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի հիմնադրման գործում, որը 1975թ. Վերակազմավորվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի: Այստեղ նա իրականացրել է իր հիմնական հիմնարար գիտական աշխատանքները և պաշտպանել է դոկտորական դիսերտացիան: 

1973թ. միչև օրս Ադոլֆ Մանթաշյանը եղել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ, 1987- 2006թթ. զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակահատվածը բարդ էր ինչպես գիտական ​​հանրության, այնպես էլ Հայաստանի համար առհասարակ: Այդ դժվար իրավիճակում Ադոլֆ Մանթաշանի գլխավորությամբ և ինստիտուտի կոլեկտիվի ջանքերով հաջողվել է շարունակել գիտական աշխատանքը և պահպանել ինստիտուտի դիմագիծը: 

2007-2011թթ. Ադոլֆ Մանթաշյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը:

Ադոլֆ Մանթաշյանի գիտական գործունեությունը հիմնականում ուղղված էր բարդ, բազմափուլ քիմիական ռեակցիաների կինետիկային, որոնք ընթանում են ազատ ռադիկալների մասնակցությամբ, այրման քիմիական պրոցեսին, լուսա- և լազերաքիմիական պրոցեսներին, ածխաջրածինների օքսիդացման ռեակցիաների սառը բոցերին և  տատանումներին: Նա ճանաչված գիտնական է ածխաջրածինների օքսիդային փոխարկման գազաֆազ ռեակցիանների բնագավառում: Աշխատանքները, որոնք իրականացվել են նրա անմիջական ղեկավարությամբ, ներկայացվել են միջազգային գիտաժողովներում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում: 

Ադոլֆ Մանթաշյան քիմիկոս գիտնականին բնորոշ էր հիմնարար գիտական հիմնախնդիրների համադրումը գործնական խնդիրների հետ: Գիտական ​​նշանակալի ձեռքբերումներից կարելի է առանձնացնել հետևյալները.

  • Արամ Նալբանդյանի հետ համատեղ մշակվել է ազատ ռադիկալների սառեցման (մատրիցային մեկուսացում) նոր, արդյունավետ կինետիկական եղանակ էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպիայի համակցմամբ:
  • Տվյալ եղանակի կիրառմամբ առաջին անգամ բացահայտվել է  ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ շղթայական ռեակցիաների ազատ ռադիկալները: 
  • Հաստատվել է ոչ գծային ռեակցիաների պերօքսիդային ռադիկալների միջև որոշիչ դերակատարությունը ածխաջրածինների օքսիդացման գազաֆազ ռեակցիաներում:
  • Առաջարկվել է ածխաջրածինների օքսիդացման գործնականորեն նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս  պարաֆինային և օլեֆինային ածխաջրածինների օքսիդացումը դիտարկել միևնույն տեսանկյունից:
  • Ածխաջրածինների օքսիդացման արդյունքում մշակվել են արտադրական կարևոր միացությունների ստացման եղանակներ, ինչպիսիք են էթիլենը, պրոպիլենը և դրա օքսիդները: 

Առանձնակի ուշադրության է արժանի Ադոլֆ Մանթաշյանի կողմից ստեղծված նոր գիտական ուղղությունը՝ պնդաֆազ և գազաֆազ անօրգանական միացությունների փոխակերպումն ազատ ռադիկալային շղթայական ռեակցիաների ազդեցությամբ: Մշակված մոտեցումը նոր հնարավորություններ է ստեղծում մետաղական հանքային հումքի վերամշակման գործում, որը ներառում է ծծումբ պարունակող միացություններ և օքսիդներ: Դրա հիման վրա մշակվել է պերլիտի և քվարցիտի մաքրման արդյունավետ եղանակ: 

Ադոլֆ Մանթաշյանը հատուկ ուշադրություն էր դարձնում երիտասարդ կադրերի պատրասմանը: 1963-1976թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի Տեսական քիմիայի ամբիոնում: Շուրջ 15 տարի հասարակական հիմունքներով ղեկավարել է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը:

Ճանաչված գիտնականի, արժանապատիվ քաղաքացու, բարյացակամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում:

 

ՀՀ ԳԱԱ նախագահություն

ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք

ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն