Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Որ գիտեինք տանկերի դեմ Կարոն է՝ ավելի լավ էինք կռվում․ ինչպես 20-ամյա տղան լեյտենանտի կոչում ստացավ (տեսանյութ)

Կարենը, Վահեն ու Գևորգը  զորացրվել են և  ծրագրածի  համաձայն հավաքվել իրենց չորրորդ  ծառայակցի՝  մարտական ընկեր Կարոյենց տանը, միայն թե Կարոյի տունն այլեւս հայրական օջախը չէ։ 

«Միշտ ասում էր ծառայությունից հետո, որ գաս Երևան, գիտես ինչեր ենք անելու, եկել եմ Երևան, բայց հիմա գնում եմ Եռաբլուր»,-ասում է Կարենը, ով 1,5 տարի ծառայությունը Կարապետի հետ է անցկացրել։։

20-ամյա Կարապետ Անտոնյանի կռիվը հոկտեմբերի 13-ին Ջաբրայլում է ընդհատվել, որտեղ եւ անցնում էր նրա ծառայությունը։

 Մարտական գործողությունների 13 օրերի ընթացքում Կարոն հասցրել է նախ սերժանտից լեյտենանտի կոչում ստանալ, ապա նաև արժանանալ Մարտական խաչի ասպետի շքանշանին

«Կարոն հակատանկային ֆագոտ զենքի վրա էր, մինչև իր զոհվելը մեր գումարտակի թևի վրա տանկ չէր կարում գար, որովհետև տանկերը գալիս էին,  ասում էր՝  սպասեք հեսա հրավառություն է լինելու, սկզբում առաջին տանկին էր խփում, հետո վերջինին, տանկերը չէին կարում շարժվեին»,-պատմում է Կարապետի ծառայակից և մարտական ընկերը՝ Վահեն։ 

Տղաների մյուս ընկերը՝ Գևորգն էլ ասում է՝ որ գիտեինք տանկերի դեմ Կարոն է, ավելի լավ էինք կռվում։

Ծնողնեը Կարոյի ընկերներից  են առնում որդու կարոտը։

Կարապետը կյանքը սիրում էր դեռ մանկուց, -պատմում է նրա մանկության ընկերը՝ Ռոբերտը և հիշում՝ որքան չարաճճիություններ ու խենթություններ են միասն արել։ Ինչ ասես չեն փորձել ՝ ֆուտբոլից մինչև աթլետիկա։ 

Մինչ բանակ զորակոչվելը Կարապետը ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին, այն ավարտել չհասցրեց, փոխարենը՝ հաշվարկային գիտելիքներն  օգտագործեց  հայրենիքը պաշտպանելիս։

Պատերազմի սկսվելուց ընդամենը մեկ օր անց ծառայակից ընկերները զանգել են Կարապետի մայրիկին՝ տիկին Գոհարին, պատմել, թե տղան հասցրել է իրենց կյանքը փրկել։

Ընկերներն են պատմում, որ կռվի ամենաթեժ օրերին Կարոն ամենաշատը փոքր եղբոր՝ 8-ամյա Արտյոմի մասին էր խոսում, ամենաշատը նրան կարոտում։ Տիկին Գոհարն էլ ասում է՝ զանգում էր ու խոստանում անպայման վերադառնալու է։