Բացել լրահոսը Փակել լրահոսը
գերի
A A
Քաղաքականություն

«Ծնողներին փոխանցում են լարվածություն»․ ո՞վ էր գերիների հարազատների հետ կապ հաստատել և հայտնել, որ գնան օդանավակայան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ծնողներն այսօր փակել են Գյումրի-Երևան ճանապարհը և պահանջում են հանդիպում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նշենք, որ  երեկ ծնողները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում, քանի որ ավելի վաղ տարածվել էին լուրեր, որ Ադրբեջանից վերադառնում են հայ ռազմագերիներ։ Լուրը հասատատել էր նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ  ինքնաթիռը եկել է առանց գերիների։  Փոխվարչապետ  Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ հայտնեցին՝  հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, և գերիների վերադարձը հետաձգվում է։

Թե ով էր ծնողների հետ կապ հաստատել և հայտնել, որ գնան օդանավակայան, հայտնի չէ, Տիգրան Ավինյանի գրասենյանի մամուլի պատասխանատու Նժդեհ Հովսեփյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդեց, որ իրենք բացի այն, որ գերիների հնարավոր վերադարձի մասին պաշտոնական տեղեկություն չեն տրամադրել, նաև ծնողների հետ կապ չեն հաստատել և օդնավակայան գնալու վերաբերյալ որևէ բան չեն ասել․

«Նման  դեպքերում մինչև վերջնական հաստատում տեղի չունենա, ինքնաթիռը վայրէջք չկատարի, և գերիների վերադարձի  փաստը չհաստատվի, գրասենյակը նման պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում»,-նշեց գրասենյակի ներկայացուցիչը։

«Ա1+»-ը զրուցեց նաև մի քանի ծնողների հետ՝ ճշտելու՝ ով է կապ հաստատել և հայտնել տղաների հնարավոր վերադարձի լուրը։ Նրանցից մեկը հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին, մեկ այլ ծնող էլ նշեց, որ այս պահին մասնակցում է բողոքի գործողություններին, բայց երեկ օդանավակայանում չի եղել և ինֆորմացիա չունի՝ ով  է կապ հաստատել օդանավակայան գնացած ծնողների հետ։

Այսօր այս թեմանին  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նշեց, որ եղել են պայմանավորվածություններ հակառակորդ կողմի հետ, որը խախտվել է։

Ըստ Քոչարյանի ենթադրությունների՝ հակառակորդ կողմը հերթական անգամ  ուզում է խաղի կանոններ փոխել․

«Տարբեր խոսակցությունների հետևանքով փակուղի է ստեղծվում գերիների վերադարձի համար։ Օր առաջ հրապարակային արտահոսքերը, սպասումները, որպես կանոն լինում են ժամանակավրեպ, և դրանից օգտվում են հակառակորդ կողմի որոշում կայացնողները։ Երկրորդ օրն է՝ հայտնվել ենք ցնցումների փուլում, և օդանավակայանում գտնվող հարազատները ճանապարհ են փակում, գնում են ՊՆ, բայց  ՊՆ-ի մուտքերը փակելով՝ մենք խոչընդոտում ենք մեր ամենակարևոր գերատեսչության աշխատանքային ռիթմին»։

Ըստ Քոչարյանի՝ կազմակերպվում են կառավարելի արտահոսքեր, և ծնողներին փոխանցում են լարվածություն։

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հստակ պնդեց՝  որոշ ծնողների ասել էին, որ կոնկրետ ժամի լինեն օդանավակայանում, ծնողները պատրաստվել էին,  տներում սեղաններ գցել․

«Նրանցից մի քանիսնինձ ասում էին՝ չգիտենք՝ մեր որդին կա, թե չէ, բայց հույս ունենք, որովհետև տեսանյութերում մեր որդին գերեվարված է»։

«Ա1+»-ը կապ հաստատեց նաև Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները Արաքսյա Կիրակոսյանի հետ, ով ևս նշեց, որ այս թեմայով իրենք ծնողներին որևէ բան չեն հայտնել և չգիտեն, թե նրանց  հետ ով է կապ հաստատել։