Բացել լրահոսը Փակել լրահոսը
170108484_2547599888718401_5112549123966455888_n
A A
Պաշտոնական

Օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։  75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, որովայնի և ձախ գոտկային հատվածում առկա ճառագայթող բնույթի ցավերից, ոտքերի այտուցվածությունից, հևոցից և մարսողական խանգարումներից։ Այդ մասին հայտնում են Երեւանի պետական բժշկական համալսարանից։

Խնդիրն ախտորոշելու նպատակով կատարվել է գործիքային հետազոտություններ՝ մասնավորապես Համակարգչային շերտագրում (KT)՝ կոնտրաստավորմամբ: Հիվանդի մոտ ախտորոշվել է 35.0-33.0 սմ տրամագծով, սոլիդ բնույթի գոյացություն՝ դեպի արգանդի ձախ հավելումներ ներաճով, որն ուներ հետորովայնամզային տեղակայում և սերտ հպման մեջ էր գտնվում հարակից օրգանների հետ՝ առաջացնելով հարերիկամային և հարենթաստամոքսային գեղձի ճարպաբջջանքի այտուց։ 

Պայմանավորված ուռուցքային կոմպրեսիայով՝  պացիենտն ուներ նաև ձախակողմյան հիդրոուրեթերոնեֆրոզ (երիկամի ավազանի և միզածորանի լայնացում)։ 

Նախքան վիրահատությունը կատարվել է ձախ միզածորանի ստենտավորում։ Առանց կապսուլայի ամբողջականության վնասման՝ լապարատոմիկ եղանակով իրականացվել է ուռուցքի բարեհաջող հեռացում։ Վիրահատությունն արվել է օնկոգինեկոլոգիական թիմի՝ ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի օնկոգինեկոլոգ, բ.գ.թ. Արսեն Ափոյանի, վիրաբույժ-օնկոգինեկոլոգ Վազգեն Մնացականյանի և կլինիկական օրդինատոր Անժելա Բոյաջյանի կողմից։

Հյուսվածքաբանական հետազոտությամբ ախտորոշվել է միկսոիդ լիպոսարկոմա։

Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։