Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ձվեր, կարմիր ներկ, քաշքշոց․ ոստիկանները բերման ենթարկեցին կանանց (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ կանայք ակցիա էին իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Նրանց միացել էին նաեւ այլ կանայք։

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին մտնել Կառավարության շենք, սակայն ոստիկանների կազմած պատը թույլ չէր տալիս նրանց։ Կանայք ձվեր, ծաղիկներ, կարմիր ներկ ու թղթեր էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Կարմիր ներկով ոստիկանների ոտքերի տակ գրություններ էին գրել, ներկված էր նաև Կառավարության շենքի դռների որոշ մասը։ Կանայք նաև թուրքական գլխարկ էին բերել և ցանկանում էին փոխանցել այն իշխանություններին, քանի որ, իրենց խոսքով, այս իշխանությունները ոչ միայն թրքահպատակ են, այլև թուրք։

Մասնակիցները մի քանի անգամ փորձեցին ճեղքել ոստիկանների կազմած պատը և նրանց ու իրավապահների միջև քաշքշուք, հրմշտոց սկսվեց։ Ոստիկանները մի քանի անգամ քաշքշելով բերման ենթարկեցին ակցիայի տարբեր մասնակիցների։ Նախնական տվյալներով բերման ենթարկվածների թիվը հասնում է 30-ի։

«Շատ սխալ է, որ բռնի ուժ էին կիրառում։ Մեր մենթալիտետի մեջ չի մտնում կնոջ վրա ձեռք բարձրացնելը կամ ցավ պատճառելը․ մենք կնամեծար ազգ ենք։ Թեկուզ և ձու են գցել, ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել, չպետք է ձեռք բարձրացնեն կանանց վրա։ Իմ կարծիքով՝ մյուս անգամ եթե դպրոցականներ, երեխաներ գտան, փորձեն իրենց խնդիրները բարձրացնել, որոշ ոստիկաններ, առանց աչք թարթելու, ուժ կկիրառեն նաև նրանց վրա», - ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, որ նույնպես Կառավարության շենքի բակում էր։

Կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ բերման ենթարկվածների մեջ են նաև պատերազմում զոհված շատ տղաների հարազատները, այդ թվում՝ զոհված Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտան։

Ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաեւ  Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։

Ակցիայի մասնակիցները հիմնականում կանայք էին, քանի որ, ինչպես նշում էին, օրվա ընտրությունն ու կանանց մեծամասնության ներկայությունը պայմանավորված էր ապրիլի 7-ի խորհրդի համապատասխան։ Իրենց խոսքով՝ պատերազմից հետո շատ կանայք, որդեկորույս մայրեր ծանր վիճակում են հայտնվել՝ երբեմն չիմանալով անգամ՝ իրենց երեխան ո՞ղջ է, թե՞ ոչ։ Իսկ իշխանությունն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում։

Մասնակիցներն իրենց ակցիան սկսել էին Շարլ Ազնավուրի անվան հրապարակից՝ քայլերթով շարժվելով դեպի Կառավարության շենք։ Երկար ժամանակ մնալով շենքի բակում՝ նրանք քայլերթով շարունակեցին շարժվել՝ գնալով դեպի Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման էին ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվածներ կան նաև մի քանի այլ բաժիններում։

Կենտրոնի ոստիկանության դիմաց էր «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա նշեց, որ բերման ենթարկված կանանցից մեկը դուրս է եկել ու պատմել, որ նաև բաժնում է ուժ կիրառվել․

«Ակցիայի իմաստն այն էր, որ աղջիկները թուրքական «ֆեսը» վերցրել էին, ուզում էին հագցնել իշխանությունների գլխին։ Ես զարմանում եմ՝ ի՞նչն է խնդիրը, եթե իրենք արդեն անթաքույց թուրքական օրակարգ են սպասարկում», - ասաց Նարեկ Մալյանը։

Ավելի ուշ Կենտրոնի և Մաշտոցի բաժին բերման ենթարկված կանայք ազատ են արձակվել։