Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.7-ը Ապրիլի.Ստեփան Դեմիրճյանը հակադարձում է Անդրանիկ Մարգարյանին (տեսանյութ)

1991-ի հայաստանյան գարունը հողի մասնավորեցման գործընթացով կարելի է հիշել։ Հենց այս օրերին գյուղացիներն առաջին խոփերն էին խփում սեփական հողի մեջ։ Պետականորեն որոշվել էր, որ հողից արդյունք կարելի է ակնկալել մի դեպքում միայն՝ եթե հողը տեր ունենա։ Պրոցեսը, սակայն, շատ ու շատ հարցեր էր առաջ բերել, եւ ապրիլի 7-ին պարզաբանումներ ստանալու համար սեփականաշնորհման վարչությունում հավաքվել էին բազմաթիվ բնակիչներ։

1998-ին մայրության եւ գեղեցկության տոնը յուրօրինակ նշում էին գեղարվեստաթատերականի մի խումբ ուսանողներ։ Կամերային երաժշտության տան առջեւ ներկայացված էր փոքրիկ ցուցահանդես, հնչում էր ճաշակով երաժշտություն, իսկ կանանց եւ աղջիկներին ուսանողները ծաղիկներ էին նվիրում։ Ակցիային աջակցում էին նաեւ Հանրապետությունում ճանաչված արվեստագետներ։

2000-ի ապրիլի 7-ին կանանց ոչ ստանդարտ եղանակով շնորհավորեց ավտոմոբիլային ֆեդերացիան՝ կազմակերպելով լավագույն կին վարորդների մրցություն։ 20 լավագույնները պարգեւատրվեցին, առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողները՝ խոշոր պարգեւներով։

Գործող եւ նախկին իշխանավորները՝ իրենց մայրերի եւ կանանց հետ, վարչապետ Արամ Սարգսյանի հրավերով Սունդուկյանի անվան թատրոնում Լեւոն Շանթի «Հին աստվածներ» ներկայացումն էին դիտում։ Սա էլ վարչապետի ապրիլյոթյան նվերն էր։

Շտապօգնությունը Երեւանում չէր աշխատում, պատճառը վառելիքի բացակայությունն էր։ Ընկերությունն ուներ 14մլն դրամի վառելիքի, ինչպես նաեւ՝ 6 ամսվա աշխատավարձի պարտք։

2001-ի ապրիլի 7-ին Ստեփան Դեմիրճյանը հակադարձեց ՀՀԿ առաջնորդներ Անդրանիկ Մարգարյանի եւ Գալուստ Սահակյանի հարցադրումներին, թե ՀԺԿ-ն պետք է կողմնորոշվի՝ ինքը «Միասնություն» դաշինքո՞ւմ է, թե՞ ոչ։ Նա հայտարարեց, որ դաշինքը ոչ մեկի սեփականությունն էլ չէ։

2008-ի այս օրը ուժային գերատեսչությունների, արդարադատության եւ արտգործնախարարության ղեկավարներին հրաժեշտ տալիս՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երկիրը արդյունավետ կառավարելու բոլոր հնարավորություններն ունի։

2010-ի ապրիլի 7-ին Երեւանում անցկացվում էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը։ Այն ուղեկցվում էր հայ իրավապաշտպանների բազմաբնույթ բողոքի ակցիաներով՝ դահլիճում, Մարիոթ եւ Էրեբունի հյուրանոցների մուտքերի մոտ, ուր ընթանում էին նիստերը եւ Երեւանի փողոցներում։