Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Նպատակ ունենք, որ մեր ջերմոցները 100%-ով ապահովեն Երևանի պահանջարկը». Հայկ Մարության (տեսանյութ)

2020 թվականից Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը վստահվեց նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությանը: Գործը սկսելու առաջին նախապայմաններից էր անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը: Շուրջ մեկ տարվա ընթացքում համայնքային կառույցը ձեռք բերեց ավտոաշտարակներ, ծառերի սրսկման, բեռնատար շուրջ երեք տասնյակ միավոր տեխնիկա: Ավտոհավաքակայանի հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթանում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

«Կանաչապատման ՀՈԱԿ-ը ստեղծվել է մի նպատակով՝ կենտրոնացնել ամբողջ ներուժը մի տեղում և քաղաքի կանաչապատման համար մշակել մեկ քաղաքականություն: Դրա համար նախ պահանջվում էր տեխնիկայի մեծ ծավալ, որը, ցավոք, բացակայում էր: Բավականին մեծ թվով տեխնիկա գնվեց, որն այսօր արդեն օգտագործվում է»,-նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը:


«Վերջերս ձեռք ենք բերել 18 բեռնաուղևորատար մեքենաներ, որոնք սպասարկելու են վարչական շրջաններում աշխատող այգեպան-բանվորներին: Հերթում են մոտ 10 տարբեր տիպի՝ ինքնաթափեր, ջրցաններ, ավտոաշտարակներ, հատուկ սրսկման սարքավորումներ և աղբատար մեքենաներ, որոնց ձեռքբերման դեպքում էապես կարագացնենք և ավելի արյունավետ կդարձնենք քաղաքում իրականացվող աշխատանքները: Հեռանկարում նախատեսվում է կանաչապատման ոլորտի տեխնիկայի քանակը այսօրվա 50-ից հասցնել 70 միավորի»,-ասում է «Կանաչապատում ևշրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:


Մեքենաներն այժմ կայանում են քաղաքային ջերմոցների հարևանությամբ: Շուտով այստեղ կկառուցվի 4300քմ տարածքով ավտոհավաքակայան՝ մեքենաների տեխսպասարկման և նորոգման կայանով, կից պահեստով ու վարչական տարածքով՝ ավտոհավքակայանի և ջերմոցատնկարանային վարչության աշխատակիցների համար։ Այժմ նախագծման գործընթացն է:


Կընդլայնվի նաև ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից այսօր փաստացի օգտագործվում է մոտ 5-ը: Գործունեության 1 տարին վերջերս բոլորած համայնքային կառույցն արդեն հասցրել է սեփական կանաչ տնտեսության հիմքերը դնել: Հենց այստեղ՝ ջերմոցում ու տնկարանում է ծնվում, մեծանում քաղաքին շունչ տվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը:


«Տնկարանային տնտեսությունը, ցավոք, զրոյական մակարդակի էր: Նպատակ դրեցինք զարգացնել ջերմոցային տնտեսությունը և ոչ թե գնված ծաղիկները այստեղ ժամանակավոր պահել և տնկել, այլ որոշեցինք ինքներս արտադրել այդ ամենը»,-ընդգծում է քաղաքապետ Մարությանը:


«Այստեղ ներդրվել է դպրոց-տնկարան գործելաոճը, որը սերմից մինչև վերջնական տեղափոխմանը ենթակա ծառաթփատեսակների աճ է ենթադրում»,- մանրամասնում է ջերմոցատնկարանային վարչության պետ Արթուր Խալաթյանը:


«Մեր կարևոր ուղղություններից մեկն այն է, որ բուսատեսակների մեծ մասը լինեն մշտադալար և բազմամյա: Մենք մտադիր ենք կանաչապատումն այնպես կազմակերպել, որ ապահովվի կենսաբազմազանություն և քաղաքի համար ունենա բնապահպանական նշանակություն»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

 

Այսօր ջերմոցում ու տնկարանում շուրջ 30 աշխատակիցների ձեռքով աճեցվում է 30 անուն բույս՝ այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Ջերմոցն ունի նաև գիտական փորձադաշտ: Արդեն 30.000 թուփ, 100 հազար ծաղկի սածիլ և 5 հազար ծառ է աճեցվել այստեղ:


«Նպատակ ունենք, որ ջերմոցները 100 տոկոսով ապահովեն Երևանի պահանջարկը և գնում այլևս չլինի, իսկ գերնպատակը՝ նաև կարողանանք ապահովել Հայաստանի այլ քաղաքներին»,-ընդգծում է Երևանի քաղաքապետը:


Այս տարի նախատեսվում է նաև 30 կմ ոռոգման նոր ջրագիծ անցկացնել: Բնապահպանության ու կանաչապատման ոլորտում քաղաքի անելիքները շատ են. ավելացնել Երևանի կանաչ գոտիների ծավալները, մշակել նոր, երկարաժամկետ ծրագրեր: