Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ասում էր` եթե իմ թևերը սկոչեն, թուրքերի կոկորդը ատամներով կբռնեմ»․ 36-ամյա Հայկի վերջին խոսքերը (տեսանյութ)

Լճաշենցի  18-ամյա Արեգը, որը մի քանի ամիս անց մեկնելու է ծառայության, այսօր 4 եղբայրներից ավագի՝ 36-ամյա Հայկի խորհուրդներն է հիշում, նրա մասին պատմում և վստահեցնում` հայոց բանակ ծառայելու է մեկնելու՝ եղբոր հերոսական օրինակն աչքի առաջ ունենալով։  

Պատերազմը երբ սկսվեց, մի քանի օրվա  պայմանագրային զինծառայող էր  Հայկը։

«Ընտանիքի անդամներից շուտ եմ իմացել, որ պատերազմի դաշտում է, բայց իր վրա շատ վստահ եմ եղել»,-ասում է Արեգը։

Հայկի հորեղբայրը ևս համոզված էր՝ ֆիզիկապես ուժեղ ու հոգով ամուր տղան ընկնել չէր կարող

«Ասում էր՝ հոպա՛ր, եթե իմ թևեը սկոչեն, թուրքերի կոկորդը ատամներով կբռնեմ»։

Հայկը ոչ միայն ընտանիքի, այլ նաև մարտական ընկերների ուժն ու հույսն էր, -անկեղծացել են ընկերները։

Գասպարյանների ընտանիքի 7 զավակներից Հայկն ամենամեծն էր, մայրն ասում է՝ ընտանիքի հոգսը կիսում էր իրենց հետ հավասար։

Մայրն ամենավերջում է իմացել՝ որդին ռազմի դաշտում է հոկտեմբերի 9-ին վերջին հեռախոսազրույցի ընթացքում տղայի ակնարկներից ու լսվող պայթյունի ձայներից տիկին Մանուշակը ենթադրել է՝ որդին մարտի դաշտում է, հենց նույն օրն էլ Հայկը զոհվել է՝ թշնամու թնդանոթի արկից՝ մի քանի ակնթարթում։

Հոկտեմբերի 9-ին Հայկը նաև կնոջ՝ Գեղանուշի հետ է խոսել , խնդրել աղոթել իր ու ընկերների համար։ Հայկի երկու դուստրերը հայրիկի հետ մեծանալ չհասցրին, մեծը՝ Մարիամը, մինչև հիմա սպասում է նրան։

Գեղանուշն ու Հայկը մի քանի տարի Ռուսաստանում են ապրել, բայց Հայկը վերջնական որոշում է կայացրել՝ վերադառնալ ու զավակներին Հայաստանում մեծացնել։

Երիտասարդ ընտանիքի առաջիկա պլաններում բնակարան ձեռք բերելն էր, ինչն այդպես էլ երազանք մնաց։