«Միկան» էլ դուրս մնաց
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլային ակումբները ավարտեցին ելույթները եվրոգավաթների 2010-2011 թթ մրցաշարերում: Վերջինը պայքարից դուրս մնաց Երեւանի «Միկան», որը չկարողացավ հաղթահարել մակեդոնական «Ռաբոտնիչկիի» արգելքը:
Եվրոպայի լիգայի պատասխան խաղում մեր ֆուտբոլիստներից պահանջվում էր հաղթանակ երկու եւ ավելի գոլերի տարբերությամբ, որպեսզի նրանք մտնեին հաջորդ փուլ եւ անգլիական «Լիվերպուլի» հետ հանդիպելու պատմական հնարավորություն ստանային: Սակայն «Միկան» չկարողացավ ոչ այնքան բարձրակարգ թիմին հաղթել եւ բավարարվեց ոչ-ոքի արդյունքով` 0:0: Քանի որ առաջին խաղն ավարտվել էր «Ռաբոտնիչկիի» հաղթանակով, ուստի հաջորդ փուլ մտավ, դրա հետ միասին Անգլիա մեկնելու իրավունք նվաճեց մակեդոնական ակումբը:
Խաղից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին «Ռաբոտնիչկիից» ներկայացավ դարպասապահների մարզիչը, որը իր թիմի կազմում լավագույն խաղացող ճանաչեց ... հենց դարպասապահին: Իսկ ահա «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը նոր հայտնագործություն կատարեց, ըստ որի, եթե թիմը գոլ չի խփում, ապա չի հաղթում: Իսկ երբ լրագրողը հարցրեց, թե ինչն է պատճառը, որ թիմը գոլ չի խփում, նա կատակեց. «Երեւի մեղավորը մարզիչն է»:
Իսկ «Ա1+»-ի մարզական թղթակցի այն հարցին, արդյոք ճիշտ չէր լինի երկրորդ խաղակեսում դիմել ռիսկի եւ ավելի մեծ ուժերով գրոհել, առավել եւս, որ մրցակիցը ընդամենը մեկ հարձակվող էր պահում առջեւի գծում, Արմեն Ադամյանն երկրորդ անգամ կատակեց. «Ինչ է, մայիսի 1-ն է, որ ամբողջ թիմով գնայինք առաջ»:
Ինչպես ասում են, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: