Այսօր` «Միկա» - «Ռաբոտնիչկի»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի «Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում կանցկացնի պատասխան հանդիպումը մակեդոնական «Ռաբոտնիչկի» թիմի հետ: Հանդիպումը տեղի կունենա «Միկայի» համանուն մարզադաշտում, ժամը 18:00-ին:
Խաղին մեծ հետաքրքրությամբ են սպասում ոչ միայն Հայաստանում եւ Մակեդոնիայում, այլեւ ... Անգլիայում, քանի որ այս զույգի հաղթողն հաջորդ փուլում հանդիպելու է «Լիվերպուլի» հետ:
«Ռաբոտնիչկին» խաղին լավ պատրաստվելու համար Երեւան է ժամանել դեռեւս հուլիսի 20-ին: Ինչպես նշում են մակեդոնական թերթերը, թիմի գլխավոր մարզիչ Զորան Ստրատեւը չի պատրաստվում Երեւանում ապավինել զանգվածային պաշտպանությանը եւ պահպանել առաջին խաղի նվազագույն առավելությունը (1:0): «Եթե մենք նախընտրենք դասական պաշտպանական տակտիկա, ապա կարող է ճակատագրական սխալ թույլ տանք: Նման դեպքում հնարավոր է գոլ բաց թողել եւ առաջին, եւ վերջին րոպեին: Մենք կաշխատենք անսխալ գործել հետեւի գծում, սակայն միաժամանակ կփորձենք գոլ խփել: Այդ դեպքում մրցակիցը պետք է նվազագույնը 3 գոլ խփի, որպեսզի մտնի հաջորդ փուլ, իսկ դա դժվար կլինի դաշտի տերերի համար»,-ասել է նա:
Երեւանի «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը նույնպես հույս ունի անակնկալի բերել մրցակցին իր ընտրած մարտավարությամբ` հարձակման գործողություններին ակտիվորեն օգտագործելով եզրային պաշտպաններին:
Բուքմեյքերները չնայած այս զույգի ֆավորիտ են համարում մակեդոնական թիմին, սակայն այսօրվա խաղում նախապատվությունը տալիս են «Միկային», որի հաղթանակը գնահատել են 2,25 գործակցով, «Ռաբոտնիչկիի» 2,9-ի դիմաց:
Հավելենք, որ մակեդոնացիները Երեւան են ժամանել առանց աջակիցների, ընդամենը 27 հոգով: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել չեխ Ռադեկ Պրիխոդան, որն առանձնանում է իր խստապահանջությամբ: Եվրոպայի լիգայի մրցաշարում անցկացրած երկու հանդիպումներում նա ցույց է տվել 12 դեղին եւ 1 կարմիր քարտ: