Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելը բացառում եմ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Մեր նախընտրական շտաբը դեռ չի կազմավորվել, բայց ենթադրում եմ, որ այն կղեկավարի Դավիթ Խաժակյանը, և կվերագործարկվի նախկինում գործած համակարգը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նաև հավելեց՝ ցուցակների հետ կապված քննարկումներ ունեն, բայց դրանք կազմելու մասին խոսելը դեռ վաղ է։

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու իշխանության նախաձեռնությանը, Մարուքյանն ասաց․

«Իշխանությունը տեսավ, որ Շուշին հանձնելուց հետո ֆրակցիայից հինգ մարդ դուրս եկավ, մեծ մասը ռեյտինգային ընտրակարգով ընտրված մարդիկ էին, ունեն շրջապատ, ունեն մարդկանց աչքերի մեջ նայելու խնդիր։ Իրենք հիմա բերում են մի ընտրակարգ, որով առաջին համարը նշանակում  է պատգամավորներ իր ընկերներին, դասընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին, մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում մենք պետք է ընտրեինք Խորհրդարան, Խորհրդարանն ընտրեր վարչապետ։ Ինչո՞ւ են անում սա, որ վաղը, մյուս օրը Ստեփանակերտն էլ հանձնեն, մի մարդ դուրս չգա իրենց ֆրակցիայից»։

Ըստ Մարուքյանի՝ իշխանության ներկայացուցիչները  քննդատում  են այն ընտրակարգը, որով իրենք բոլորը ընտրվել են․

«Իրենք ասում են՝ ժողովուրդ, դու գործ չունես, մեր քվեաթերթիկը գցի քվեատուփի մեջ, մենք կորոշենք՝ ով կդառնա պատգամավոր: Սա մասնակցային ժողովրդավարության հերն անիծելու ճանապարհ է: Հաջորդը, այս ընտրակարգով իրենք ուզում են, որ կռիվը դարձնեն Նիկոլ Փաշինյանի եւ նախկին իշխանության միջեւ, որը միշտ Նիկոլ Փաշինյանի երազանքն է եղել: Ասում են՝ գաղափարական պայքար կլինի: Ո՞րն է գաղափարականը՝ գելերն ու գելխեղդնե՞րը: Դուք գաղափար պետք է ունենաք, որ ներկայացնեք»։

Մարուքյանը պնդեց՝ առանց ընդդիմության ԱԺ-ում ընտրական օրենսգիրք փոխելը  ի սկզբանե  ընտրությունների լեգիտիմությունը դնում է կասկածի տակ․

«Սա նաեւ արվում է նրա համար, որ մասնակցությունը նվազի, որովհետեւ եթե պատկերացնենք 1,2 մլն ընտրողի մեջ Նիկոլ Փաշինյանը տանում է 300 հազար ձայն, դա մի տոկոս է, եթե տանում է 1 մլն ձայնից 300 հազար ձայն, դա մեկ այլ տոկոս է: Հետեւաբար՝ իրենց պետք է, որ մոտիվացիա չլինի ընտրություններին գնալու: Ռեյտինգային ընտրակարգի դեպքում ժողովուրդն իրավունք է ստանում քաղաքական էլիտա ձեւավորելու: Նրանք, ըստ էության, չեն թողնում, որ նոր ուժեր մասնակցեն, նոր մարդիկ ներգրավվեն, եւ կուսակցապետերը որոշեն, թե ով որտեղ է լինելու»,-ասաց նա:

Մարուքյանը պնդեց՝  ԼՀԿ-ն պայմանավորվածություններ չի խախտի և ընտրական գորրծընթացը հետ չի գցի. 

«Եթե դիմացինդ խաբում է, դու ասում ես, որ ինքը վատն է, իսկ եթե դու ես նույնը անում, դու դառնում ես իր նման: Ես չեմ պատրաստվում իմ հանրային խոստումը չեղարկել: Քանի որ ես գիտեմ, որ այս ընտրությունների արդյունքներով Հայաստանում լինելու է փոփոխություն, եթե ընտրությունները չեն կեղծում, հետեւաբար՝ ոչ մի հիմք չկա ընտրությունները հետ գցելու համար: Դա միայն իրենց է ձեռնտու»:

Մարուքյանը նաև  նշեց՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին որոշում չունեն, և որևէ ուժի հետ այս թեմայով խորհրդակցություններ, քննարկումներ չկան, բացառեց, որ  Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կարող են կոալիցիա կազմել․

«Եթե էս երկրում համերաշխություն չեղավ, մենք չենք կարող բանակը վերականգնել, փախստականների, հաշմանդամների խնդիրները լուծել: Պետք է բացառվի, որ վարչապետ լինի գործող վարչպետը եւ նախկին իշխանության որեւէ ղեկավար: 20 ուժ է մասնակցում, այսինքն ձեր կարծիքով՝ ժողովուրդը կրակն է ընկել Նիկոլ Փաշինյանի եւ նրանց ձեռը: Հետո «Լուսավոր Հայաստանը» պրոքսի ուժ չի, որ մասնակցի ինչ-որ մեկին կպնի: Մենք մասնակցում ենք, որ գանք առաջ»,-ասաց նա: