Հայաստանի հավաքականը խաղավերջում 2 գոլ խփեց ու հաղթեց ռումինացիներին․ Հայաստան-Ռումինիա` 3:2 (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարում և գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայացած 3-րդ տուրի խաղում մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ռումինիայի հավաքականին:
Առաջին խաղակեսն անցավ ռումինացիների տարածքային առավելությամբ, որոնք շատ էին տիրում գնդակին և փորձում էին ճեղքվածքներ գտնել տանտերերի պաշտպանությունում: Սակայն, մեր ֆուտբոլիստները մեծ ուժերով պաշտպանվում էին, իսկ հարմար առիթի դեպքում դիմում սուր հակագրոհների: Դրանից մեկը խաղի 16-րդ րոպեին քիչ էր մնում ավարտվեր գոլով, սակայն Տիգրան Բարսեղյանի վտանգավոր հարվածը ռումինացիների դարպասապահը ետ մղեց:
Իր վարպետությամբ աչքի ընկավ նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որ 10-րդ րոպեին Նիկոլաե Ստանչիուի տուգանայինից կատարած հարվածից հետո ակրոբատիկ ցատկով գնդակը մի կերպ հեռացրեց դարպասի վերին անկյունից: Առաջին խաղակեսում երկու թիմերի դարպասներն այդպես էլ մնացին անառիկ:
Հայաստանի հավաքականը երկրորդ խաղակեսը սկսեց երեք նոր ֆուտբոլիստով: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը միանգամից երեք փոփոխություն կատարեց, ինչը հազվադեպ է պատահում նման մակարդակի խաղերին: Այն շուտով արդյունք տվեց, քանի որ փոխարինման մտած կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 56-րդ րոպեին անսպասելի հարվածով գրավեց հյուրերի դարպասը: Դա ֆուտբոլիստի անդրանիկ գոլն էր նորամուտի խաղում:
Ռումինիայի հավաքականը շատ ագրեսիվ արձագանքեց այդ գոլին և կրկին սկսեց մեծ ուժերով գրոհել: Ավաղ, մեր պաշտպաններն այս անգամ տեղի տվեցին և երկու անգամ հսկողությունից դուրս թողեցին ռումինացիների կիսապաշտպան Ալեքսանդրու Չիկալդեուն, որը երկու անգամ գլխի հարվածով գրավեց դարպասը:
Այդ գոլերը որոշ ժամանակ «սառը ցնցուղի» ազդեցություն թողեցին մեր ֆուտբոլիստների վրա, որոնք ոչ մի կերպ չէին կարողանում գտնել հակախաղը: Սակայն, հանդիպման 78-րդ րոպեին հյուրերի հարձակվող Գեորգ Պուշկաշը վտանգավոր խաղի համար հեռացվեց դաշտից:
Հայաստանի հավաքականը ստանալով թվային առավելություն, մեծ ուժերով նետվեց առաջ՝ խաղը փրկելու համար: Եվ ահա, 87-րդ րոպեին մեր թիմի ավագ Վարազդատ Հարոյանն, անսպասելի միանալով հարձակվողներին, դիպուկ հարվածով եզրափակեց Տիգրան Բարսեղյանի կատարած սուր փոխանցումը: Երկու րոպե անց մեր ֆուտբոլիստներն արդեն վաստակեցին 11մ հարվածի իրավունք, որը վստահորեն իրացրեց Տիգրան Բարսեղյանը: Ռումինացիները մնացած ժամանակում անգամ 10 ֆուտբոլիստով փորձեցին վերականգնել հավասարությունը, սակայն՝ ապարդյուն:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը լարված խաղում 3:2 հաշվով դիտարժան հաղթանակ տարավ և վաստակելով 9 միավոր, ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Մեր թիմին կարող է հավասարվել միայն Գերմանիայի հավաքականը, որն այսօր սեփական դաշտում ընդունել է Հս. Մակեդոնիայի ազգային թիմին: