Արցախյան պատերազմում անմահացած Իսրայելն այսօր ընդմիշտ վերադարձավ հարազատ դպրոց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի համար 49 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հիշեցին ու ոգեկոչեցին Արցախյան վերջին պատերազմում անմահացած շրջանավարտ 19-ամյա Իսրայել Ակինյանին։
Իսրայելն ընդմիշտ վերադարձավ հարազատ դպրոց, նրա անունը կրող անկյունը սերունդների համար կործանարար պատերազմի խորհրդանիշ ու ապագա հաղթանակների խորհուրդ կդառնա։ Իսրայելն ու ընկերները՝ ներկա և բացակա, դպրոցի կողմից այսօր շնորհակալագրերի արժանացան։
Շնորհակալագրի արժանացողներից մեկն էլ Սուրենն էր՝ Իսրայելի մանկության ընկերը, ով ևս անցել է պատերազմի միջով, այսօր արձակուրդում է, եկել էր ծաղիկներ խոնարհելու ընկերոջ նկարի առաջ։
Իսրայելի մայրը՝ տիկին Հռիփսիմեն, պատմում է՝ հոկտեմբերի 2-ին Ջաբրայիլում բեկորային վիրավորում էր ստացել, տեղափոխվել է Երևան, երեք օր բուժում ստանալուց հետո նորից վերադարձել է ծառայության, կրկին մարտի դաշտ․
«Ասեց՝ չեմ կարա մնամ ստեղ, իմ ընկերները այնտեղ են, կգնամ իմ ընկերների մոտ»,-հիշում է տիկին Հռիփսիմեն։
Իսրայելը շատ սիրում էր սպորտը․ զբաղվում էր կարատեով, 14 տարեկանում արդեն «սև գոտի» ուներ․
«Նպատակ ուներ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվել, կարատեի մարզիչ դառնալ»։
Երկու քույրերի կրտսեր եղբայրն ընտանիքում յուրահատուկ վերաբերմունքի էր արժանանում, այսօր նրա քույրը՝ Արմինեն, խոստովանում է՝ Իսրայելն իրենց հպարտությունն էր։ Արմինեն հիշում է՝ երկու քույրերով մասնակցում էին Իսրայելի բոլոր մրցույթներին, ոգևորվում նրա հաղթանակներով։
Ընտանիքը տղային մեծ հավատով ու հույսով փնտրել է 65 օր, ասել են՝ պայթյունի ժամանակ նրան չեն տեսել, գուցե ողջ է․ վերջում գտել են տղայի զինգրքույկն ու մարմինը։