Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan - ruminia
A A
Սպորտ

Հայաստան – Ռումինիա․ սկզբունքային հանդիպում դժվար մրցակցի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքական այսօր կհանդիպի հերթական անհարմար մրցակցի հետ։ Խոսքը վերաբերում է Ռումինիայի ընտրանուն, որին մեր թիմը կընդունի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում՝ աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրի շրջանակում։

Թիմերի միջև կայացած նախորդ հինգ հանդիպումների վիճակագրությունը բոլորովին մեր թիմի օգտին չէ։ Մերոնք միայն 2004 թվականին Երևանում կայացած անդրանիկ խաղում են կարողացել ոչ-ոքի խաղալ ռումինացիների հետ (1:1), իսկ մնացած չորսում չոր հաշվով պարտություն են կրել (0:3, 0:2, 0:5, 0:1): Մեր ֆուտբոլիստները հատկապես տապալվեցին 2016 թվականի երևանյան խաղում, որում հինգ անպատասխան գոլ բաց թողեցին։ 

Ի դեպ, տխրահռչակ այդ հանդիպման գոլերի երկու հեղինակները հաջողությամբ հանդես են գալիս Ռումինիայի հավաքականի կազմում։ Դրանք են 27-ամյա կիսապաշտպան Նիկոլաե Ստանչիուն և 24-ամյա հարձակվող Ռազվան Մարինը։ Հայաստանի ներկայիս հավաքականից այդ խաղին մասնակցել էին դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը,  կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։

Վերջին չորս տարիներին երկու երկրների հավաքականներն էլ անհաջող են հանդես եկել աշխարհի և Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում։ Իսկ ահա Քաթար-2022 ընտրարշավում ավելի վստահ է մեկնարկել Հայաստանի հավաքականը, որը տարել է երկու հաղթանակ և վաստակած 6 միավորով Գերմանիայի ընտրանու հետ կիսում է 1-2-րդ տեղերը։

Ռումինիայի հավաքականը 1-ին տուրում սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթել է ՀսՄակեդոնիայի ազգային թիմին՝ 3։2, իսկ 2-րդում 0։1 հաշվով պարտվել է Գերմանիային, թեև հյուրերի բացահայտ առավելությանը (ռումինացիներին վերահաս գոլից մեկ անգամ փրկել է հորիզոնական դարպասաձողը, երեք դեպքում՝ դարպասապահ Ֆլորին Նիցան)։

Հաշվի առնելով ընտրական խմբում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստան – Ռումինիա հանդիպումը սկզբունքային երանգ է ստացել, հատկապես հյուրերի համար։ Ռումինացիներն ամեն ինչ կանեն մեր հավաքականին հավասարվելու համար, իսկ մերոնք իրենց հերթին կձգտեն շարունակել հաղթական շարքը և առաջ պոկվել անհարմար մրցակցից։

Ռումինիայի հավաքականը չնայած վաստակած միավորներով ետ է մնում Հայաստանից, սակայն ըստ բուքմեյքերների, համարվում է հանդիպման ֆավորիտը։ Նրա հաղթանակը գնահատել են 2,05 գործակիցով։ Հայաստանի ընտրանու հաղթելու հնարավորությունը երկու անգամ ցածր է՝ 4,10 գործակից։

Հայաստան – Ռումինիա ընտրական խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։