Լատվիան ընդհատեց Թուրքիայի, Սլովակիան՝ Ռուսաստանի հաղթարշավը. ֆուտբոլի ԱԱ-2022-ում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտում տեղի ունեցան ընտրական փուլի 3-րդ տուրի առաջին հանդիպումները:
Ընտրական A խմբի առաջատարներ Պորտուգալիայի և Սերբիայի հավաքականները հյուրընկալվելիս հաղթեցին համապատասխանաբար Լյուքսեմբուրգի (3:1) և Ադրբեջանի (2:1) ընտրանիներին և վաստակեցին 7-ական միավոր: Նրանց հաջորդող Լյուքսեմբուրգն ունի 3 միավոր:
E խմբում միանձնյա առաջատար դարձավ Բելգիայի ազգային թիմը, որը սեփական դաշտում 8:0 հաշվով ջախջախեց Բելառուսին և վաստակեց 7 միավոր: «Կարմիր սատանաների» հետ համաքայլ ընթացող Չեպիայի ընտրանին անչափ լարված պայքարում 0:1 հաշվով պարտվեց Ուելսին: Չեխերն այժմ ունեն 4 միավոր, իսկ ուելսցիներն ու բելառուսները՝ 3-ական:
G խմբում երկու հաղթանակով մեկնարկած Թուրքիայի հավաքականը սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց Լատվիայի հետ՝ 3:3, իսկ Չեռնոգորիայի ընտրանին իր հարկի տակ պարտվեց Նորվեգիային՝ 0:1: Թուրքերը 7 միավորով գլխավորում են աղյուսակը, իսկ Նեդեռլանդների, Նորվեգիայի և Չեռնոգորիայի հավաքականները 6-ական միավորով հետապնցում են միանձնյա առաջատարին:
H խմբի միանձնյա առաջատար Ռուսաստանի հավաքականը այս տուրում հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց Սլովակիայի ազգային թիմին: Ռուսների սայթաքումից անմիջապես օգտվեց աշխարհի 2018թ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիան, որը սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթեց Մալթային, վաստակեց 6 միավոր և հավասարվեց առաջատարին: Երրորդ տեղում Սլովակիան է, որը չնայած պարտություն չի կրել, սակայն իր ակտիվում ունի 5 միավոր:
Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի մնացած խաղերը: Մրցաշարը երկու հաղթանակով մեկնարկած Իտալիան կհանդիպի Լիտվայի հետ, Դանիան՝ Ավստրիայի, Անգլիան՝ Լեհաստանի, Գերմանիան՝ Հս. Մակեդոնիայի, Հայաստանը՝ Ռումինիայի հետ: