Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իրավասու ենք չներկայանալ հաջորդ դատական նիստին, քանի որ օրինական մեղադրանք չկա Յուրի Խաչատուրովի նկատմամբ․ Պաշտպան (տեսանյութ)

«Ես դատարանից չէի սպասում այդպիսի ծաղր իրավաբանության հանդեպ, սակայն դատախազների չներկայանալն ինձ համար սպասելի էր, քանի որ վերջին երեք տարում նրանք չեն առաջնորդվում օրենքով», - ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի հետաձգումից  հետո։

Նիստը հետաձգվեց մեղադրող կողմի չներկայանալու պատճառով և, Պողոսյանի խոսքով, ՀՀ-ում կա այնպիսի Գլխավոր դատախազություն, որ դիտավորյալ նիստերին չի գալիս և ձախողում է, սակայն ամեն պատեհ և անպատեհ առիթների հայտարարում է, որ այլ կողմերն են շահագրգիռ նիստերը հետաձգելու։

«Թեև դատախազները չներկայացան, դա դատարանին որևէ հիմք չէր տալիս քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու համար։ Սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո, հիմք ընդունելով նաև ՍԴ մասին օրենքի 68-րդ հոդվածը, տվյալ նորմը դադարել է իրավաբանական հանրությունում գոյություն ունենալ հենց ընդունման պահից։ Չկա քրեական օրենսգրքում 300․1 հոդված։ Այդ դեպքում դատարանն իրավասու է խորհրդակցական սենյակում որոշում կայացնել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին», - ասաց պաշտպանը։

Նրա խոսքով՝ այսօր եկել էր ոչ թե դատական նիստին մասնակցելու, այլ իրենց մասով որոշումը ստանալու և լքելու դատական նիստի դահլիճը, մինչդեռ դատարանը գնաց  «իրեն մինչ այս թնջուկի մեջ պահած պաշտոնատար անձանց հետևից և նրանց ապօրինությունները կոծկելու նպատակով» շարունակում է պահել  քրեական հետապնդումը Յուրի Խաչատուրովի մասով․

«Մենք լրիվ իրավասու ենք չներկայանալու հաջորդ դատական նիստին, քանի որ օրինական մեղադրանք չկա Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Նա պաշտպանի անհրաժեշտություն չունի և մեզ անհրաժեշտ է միայն իրավական որոշումը», - ասաց Միհրան Պողոսյանը։

Փաստաբանին հարց ուղղվեց՝ արդյո՞ք հնարավոր է նոր մեղադրանքներ ի հայտ գան Յուրի Խաչատուրովի վերաբերյալ, նա պատասխանեց, որ օրինական և իրավական առումով որևէ հիմք չկա։ Թե քաղաքական առումով ինչ ցնդաբանությունների կհանգի իշխանությունը և կփորձի դատախազության միջոցով պատվիրել, դա արդեն երևակայությունից դուրս է։