Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանի դեմ շարունակվում է քրեական հետապնդումը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ օրինախախտում եք անում․ Ալումյան (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հրաժարվում է քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանների դիմումը։ Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։
 
«Նշենք, որ մեղադրող կողմը, ՍԴ-ի կողմից 300․1 հոդվածի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որշման հրապարակումից հետո, մինչև ապրիլի 6-ը ժամանակ է խնդրել դատարանից նոր, ծավալուն միջնորդություն պատրաստելու համար։ Ընդ որում, այսօր մեղադրանքը պաշտպանող 6 դատախազներից ոչ մեկը չի ներկայացել նիստին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դեռևս նախորդ շաբաթ՝ մարտի 27-ին պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել 300․1 հոդվածով քրեական հետապնդումը, կարճել այդ մասով քրեական գործի վարույթը, փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և մեղադրող կողմին պարտադրել գրավոր ներողություն խնդրել նրանից։
«Քրեական հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը գոյություն չունի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք թույլ տալիս։ Դուք մտադրվա՞ծ եք շարունակել հետապնդումը մի հոդվածով, որն ուրբաթ օրվանից գոյություն չունի», - ասաց Ալումյանը։
Իր հերթին պաշտպաններ Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը ընդգծեցին, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դատարանը կարող է կայացնել նույնիսկ առանց նիստ հրավիրելու՝ խորհրդակցական սենյակում, և կարող էր դա անել հենց մարտի 26-ին կամ հաջորդ օրը»։