Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կեղծ էջ էին բացել, նրա ընկերներից գումար խնդրել, թե զինծառայողին է այդ անհրաժեշտ (տեսանյութ)

Համացանցային խաբեությունները սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ վերջին օրերին ակտիվացել են։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի խոսքով՝ համացանցային խաբեությունների միանման միանգամից երեք հաղորդում են ստացել մարտի 23-ին, 24-ին և 25-ին․

«Ըստ մեկ հաղորդման՝ մարդը ֆեյսբուքում օնլայն աշխատանքի հայտարարություն էր տեսել, որը թույլ էր տալիս ընդամենը հեռախոսում ծրագիր ներբեռնելով գումար աշխատել։ Նման աշխատանք առաջարկողներն ինչ-որ կարգավորումներ անելու պատրվակով վերցնում են «զոհի» էլեկտրոնային հասցեն և փորձում ձեռք բերել գաղտնաբառը։ Սովորաբար նշում են «մոռացել եմ գաղտնաբառը» և մարդուն խնդրում տրամադրել հեռախոսին եկած վավերացման կոդը՝ գաղտնաբառը փոխելու համար, և երբ մարդն ուշադիր չի լինում կամ շարունակում է հավատալ և տրամադրում է կոդը, խաբեբան արդեն մուտք է ունենում նրա էլեկտրոնային հասցե», - ասաց  Գեւորգ Հայրապետյանը։

Դա հնարավորություն է տալիս մարդու անձնական տվյալներն օգտագործելով միջամտել մարդու կյանքին, նշեց Գևորգ Հայրապետյանը։ Էլեկտրոնային հասցեում հնարավոր է լինեն հաև անձնական լուսանկարներ, որոնք չհրապարակելու դիմաց «զոհից» կարող են գումար պահանջել։ Ուստի կարևոր է, որ մարդիկ իրենց տվյալները որևէ մեկին փոխանցելիս ուշադիր լինեն։

«Մեկ այլ դեպք էր, երբ ֆեյսբուքյան օգտատերի անունով կեղծ էջ էին բացել և գրել էին տվյալ օգտատիրոջ իրական ընկերներին ու գումար էին խնդրել՝ պատրվակ բերելով, որ զինծառայողին գումար է անհրաժեշտ։ Նման պարագայում ինքնության գողություն է տեղի ունենում, երբ չարագործն իրեն դնում է մեկ այլ մարդու տեղը», - ասաց Գևորգ Հայրապետյանը։

Երրորդ դեպքը, որ նշեց նա, կապված էր օգտատիրոջ «IDram» համակարգ մուտք գործելու փորձի հետ։ Երբ խաբեբաները նշել էին, որ ակցիա է գործում նոր գրանցվող օգտատերերի համար՝ հենց գրանցման համար 2000 դրամ ավելանում է հաշվին։ Եվ նշում էին, որ եթե արդեն գրանցված են, փոխանցեն հեռախոսահամարը՝ իրենք կճշտեն՝ հաշիվն ինչ կարգավիճակ ունի, և գուցե Premium հաճախորդ դարձնեն։

«Միջին վիճակագրական օգտատերերը գուցե հեշտությամբ խաբվեն, դրա համար կան մի քանի պարզ կանոններ՝ նախ, ոչ մի դեպքում սեփական էջի գաղտնաբառը և դրան հասանելիություն տվող որևէ կոդ այլ անձանց փոխանցել չի կարելի։ Երկրորդ, բոլոր սոցիալական ցանցերը, որոնցից օգտվում ենք, ունեն երկփուլային անվտանգություն, որ անգամ եթե որևէ մեկը ստանում է գաղտնաբառը, ապա չի կարողանում մուտք գործել էջ, քանի դեռ չի ստացել մարդուն եկած վավերացնող կոդը։ Պետք է միացնել դա», - ասաց Գևորգ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ համացանցում հեշտ գումար աշխատելու առաջարկներին միշտ պետք է կասկածանքով մոտենալ։ Իսկ ընկերոջ անունով և նկարով էջից գումարի խնդրանքով հաղորդագրություն ստանալուց հետո պետք է միշտ փորձել կապի այլ միջոցով ճշտել տեղեկությունը։

«Եթե, ամեն դեպքում, չեք կողմնորոշվում ինչ անել և խնդիր է առաջանում, դիմեք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը, որի ֆեյսբուքյան էջն էլ ամեն օր և ցանկացած ժամի արձագանքում է», - նշեց Գևորգ Հայրապետյանը։