Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայ Դատ-կեդրոնական խորհուրդ
A A
Քաղաքականություն

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հայտարարությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Դեռևս 2021 թ. փետրվարի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությունից հետո, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարությամբ մատնանշեց գործող իշխանությունների վտանգավոր մոտեցումները Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ: Ըստ այդմ, կարծիք էր հայտնվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախ՝ պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի իրականացման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ, ինչպես նաև Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Երկրորդ` Հայաստանի կառավարությունը փաստորեն հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց գոյություն չունի և իշխանությունները պատրաստվում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հարցի հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։

Արդեն մարտի 16-ին, ՀՅԴ Բյուրոն, հաշվի առնելով տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, միջազգային և տարածաշրջանային զարգացումները և սեփական տեղեկությունները` լեգիտիմությունը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած ՀՀ իշխանություններին խստորեն զգուշացրեց՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետության 100-ամյա նպատակների իրագործում։

Վերջին օրերի իրադարձությունները` մասնավորապես վարչապետի, ԱԽ քարտուղարի և ԱԺ փոխխոսնակի հայտարարությունները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները հստակ քաղաքականություն են իրականացնում՝ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման համատեքստում, ինչը փաթեթավորվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների, ապաշրջափակման լոզունգներով, սակայն խորքում նպատակ է հետապնդում մոռացության մատնել մեր ժողովրդի պատմական անցյալը, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պահանջից, իրավական ճանաչել Հայաստան-Թուրքիա միջպետական փաստացի սահմանը, ամբողջապես հրաժարվել ղարաբաղյան հիմնախնդրից, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումից ու կարգավիճակի հարցից և Հայաստանի Հանրապետության տարածքը մի քանի հնարավոր զուգահեռ գործող ուղիներով դարձնել թուրքական երկու պետություններն իրար կապող աշխարհագրական միջանցք:

Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները` խոսելով տարածաշրջանային ենթակառուցվածքների համալիր ապաշրջափակման մասին, Թուրքիային ուղղակիորեն ընդունում են, որպես ղարաբաղյան հակամարտության կողմ, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դիտարկում են բացառապես ղարաբաղյան հիմնախնդրի թրքահաճո կարգավորման համատեքստում, ինչն ամբողջովին համապատասխանում է տասնամյակներ տևող թուրքական պետական դիրքորոշմանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնին կառչած անձը շարունակում է պրիմիտիվ դատողություններ կատարել Թուրքիայի հակահայ թշնամանքի պատճառահետևանքային իրողությունների շուրջ։ Մինդեռ ակնհայտ է, որ հայության դիրքորոշումը հետևանք է ոչ թե հայ և թուրք ժողովուրդների համահավասար պատմական դիմակայության, այլ Թուրքիայի կողմից մեր ժողովրդի դեմ կազմակերպված բնաջնջման և զանգվածային հայրենազրկման։ Իր հերթին Թուրքիայի թշնամական քաղաքականությունը պայմանավորված է ոչ թե հայության կողմից թուրք ժողովրդի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների երեւակայածին ծրագրերով, այլ՝ որպես շարունակություն իր նախորդների հակահայ դարավոր քաղաքականությանը՝ նույն համաթուրքական եւ նոր-օսմանական նպատակներով։ Այլ խոսքով՝ Թուրքիան մեզ դիտում է իբրև թշնամի, քանի որ հայկական Հայաստանը համարում է խոչընդոտ իր ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը եւ, քանի որ, մենք չենք հրաժարվում մեր պատմական հիշողությունից, ինքնությունից ինչպես և նախընթաց ժամանակահատվածում արժանապատիվ կեցվածք ենք դրսևորել։

Չափազանց ցավալի է, որ ակներեւ այս ճշմարտությունները, որոնք շոշափում են մեր ժողովրդի ազգային ողբերգությունը և բաց նյարդը, ստիպված ենք լինում բացատրել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։

Հարկ ենք համարում նկատել, որ այսօր էլ Թուրքիան շարունակում է բացահայտ թշնամական քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության ու համայն հայության նկատմամբ, ինչի ամենաակնառու դրսևորումը ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի պետական կառավարման ռազմաքաղաքական համակարգի եւ թուրքական զինուժի բացահայտ և լայնածավալ ներգրավումն էր։ 

Հայաստանի իշխանությունները սկսել են ժողովրդի գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկել նաև տարածաշրջանային խաղաղության և համակեցության մասին անհիմն ու սին խոսքերով։ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը տևական ժամանակ ինքնին եղել է տարածաշրջանային խաղաղության կայուն երաշխավորը. խաղաղությունը տարածաշրջանում խախտվել է մեր հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, հետևապես Հայաստանն այն վերջին երկիրն է, որտեղ պետք է խաղաղություն քարոզել։ Մեր ժողովուրդը ամենից լավը գիտի խաղաղության գինը, բայց իր պատմության հրամայականով գիտի նաև, որ անարժանապատիվ խաղաղությունը միայն ճանապարհ է բացում ապագայի արյունալի պատերազմների համար։

Այսպես կոչված խաղաղության կեղծ քարոզը Հայաստանի իշխանությունները անամոթաբար շարունակում են նույնիսկ այն պարագայում, երբ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ հավակնություններ են դրսևորում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի ճակատագրին, ապա պետք է հաշվի առնել, որ սահմանը անօրինական կերպով և որպես թշնամական գործողություն փակվել է հենց թուրքական պետության կողմից։ Հայաստան-Թուրքիա սահմանի փակման գործում Հայաստանը որևէ դերակատարություն չի ունեցել, հետևապես սահմանի բացման գործում առաջին քայլը պետք է անի հենց թուրքական պետությունը։ Այս համատեքստում, Թուրքիան Հայաստանից ակնկալում է ցեղասպանության պահանջատիրության քաղաքականությունից և ղարաբաղյան հիմնախնդրից հրաժարում, որին, ըստ ամենայնի, համաձայնել են Հայաստանի կապիտուլյացիոն իշխանությունները։

Վերջիններիս անգամ ևս զգուշացնում ենք՝ Հայոց ցեղասպանության հարցը ուրացող և ղարաբաղյան հիմնախնդրից փաստացիորեն հրաժարվող իշխանությունը Հայաստանում դատապարտված է։ Դատապարտված է, այդ քաղաքականությունն առհասարակ և եթե իշխանությունները տուրք տան թուրքական պահանջներին և փորձեն մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների զիջման գնով Թուրքիայի հետ մտնել բանակցային կասկածելի գործընթացների մեջ, միևնույնն է մեր ժողովուրդը երբեք դա թույլ չի տալու, իսկ որպես հետևանք՝ Հայոց պատմության տարեգրության մեջ ունենալու ենք թրքահաճո և դավաճանի պիտակ կրող իշխանության մասին տխրահռչակ էջեր։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության և ազգային-պետական ու համազգային շահերի պաշտպանությունը իրականացնելու համար, կենսական է որ ՀՀ իշխանությունները անմիջապես հեռանան ասպարեզից և ազգային ուղղուածությամբ քաղաքական ուժերը ստանձնեն երկիրը այս ծանր ու վտանգավոր վիճակից հանելու բեռը։

 

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 մարտի 2021 թ.