Բացել լրահոսը Փակել լրահոսը

Դժվարին հաղթանակ Իսլանդիայի նկատմամբ. Հայաստանը խմբի առաջատար ֆուտբոլի ԱԱ-2022 (տեսանյութ)

A A

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրորդ հաղթանակը տոնեց 2022թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում և գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը:

Այսօր կայացած 2-րդ տուրի խաղում մեր ընտրանին հյուրընկալեց Իսլանդիայի ազգային թիմին, որը մեկնարկային խաղում 0:3 հաշվով պարտվել էր Գերմանիային: Իսլանդացիները հույս ունեին առաջին միավորները վաստակել նոր մրցաշարում, սակայն Հայաստանի հավաքականը իր գրագետ խաղող ի չիք դարձրեց հյուրերի պատրանքները:

Մեր պաշտպաններն բավական հաջող պայքար մղեցին իսլանդացիների բարձրահասակ հարձակվողների հետ, թույլ չտվեցին նրանց ազատորեն իշխել այսպես ասած «երկրորդ» հարկում: Իսկ երբ չէր հաջողվում փակել հյուրերի վտանգավոր գրահայիններին, արդեն գործի էր անցնում մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, ով երկու անգամ պարզապես փրկեց իր թիմին վերահաս գոլերից:

Առջևի գծում այնքան էլ չէր ստացվում մերոնց խաղը, հատկապես առաջին խաղակեսում: Սակայն, 53-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը անհատական վարպետության հաշվին ձերբազատվեց մրցակցի հետապնդումից և հաշվենկատ հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Այդ գոլն ոգևորիչ ազդեցություն թողեց մեր ֆուտբոլիստների վրա, որոնք սկսեցին վստահ գործել և ավելի սուր հակագրոհներ կազմակերպել, քանի որ մրցակիցն սկսել էր ավելի հաճախակի գրոհել և բացվել:

Եվ ահա, հանդիպման 74-րդ րոպեին մեր թիմի հակագրոհներից մեկը տվեց իր արդյունքը. Տիգրան  Բարսեղյանի փոխանցումից հետո փոխարինման մտած Խորեն Բայրամյանը նույնպես ազատվեց պաշտպանի հսկողությունից և հուժկու հարվածով գրավեց իսլանդացիների դարպասը:

Այդ գնդակից հետո հյուրերն էլ ավելի մեծ ուժերով նետվեցին առաջ, անընդհատ բարձրից կատարած փոխանցումներով փորձում էին խառնաշփոթ առաջանել մեր թիմի տուգանային հրապարակում: Մեր պաշտպաններն ու կիսապաշտպանները, բարեբախտաբար, դիմացան իսլանդացիների տոտալ ճնշմանը և ետ մղեցին նրանց բոլոր գրոհները:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց իր համար նախկինում անհարմար համարվող Իսլանդիայի թիմին, վաստակեց 6 միավոր և սկսեց գլխավորել ընտրական J խմբի մրցաշարային աղյուսակին: Մեր թիմին կարող է հավասարվել կամ Ռումինիայի, կամ Գերմանիայի հավաքականը, որոնք առաջին տուրում նույնպես հաղթանակ են տարել, իսկ այս տուրում մրցում են իրար հետ: