Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Շեշտը պետք է դնել ոչ թե կորցրած, այլ փրկված գանձերի վրա․ Մատենադարանի տնօրեն (տեսանյութ)

Մի քանի տարի առաջ Գանձասարում բացված Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հարյուրից ավելի ձեռագրեր պատերազմի օրերին անվտանգության նկատառումներով տեղափոխվեցին  Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և ցուցադրվեցին:

«Բարձրաձայն եմ ասում, որ մեր ոխերիմ բարեկամների մտքներով հանկարծ չանցնի, որ փախցրել բերել ենք: Մենք էստեղից ենք տարել Արցախ, որտեղ և ձեռագրերը ստեղծված են եղել միջնադարում՝ 13-18 դարերում: Մասնաճյուղը չենք փակել: Նմուշներն ենք բերել»,- ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը «Ա1+»-ի հետ զրույցում: - Մատյանները գնացին Արցախ, հետո եկան: Հույս ունեմ, որ հետո էլի հետ կգնան, թե երբ առայժմ, իհարկե հնարավոր չի ասել: Մատենադարան–Գանձասար գիտամշակութային կենտրոնը հսկվում է։ Աշխատողների մեծամասնությունը Վանք գյուղից են, նրանք են հետևում պահպանությանը և սպասում, որ ցուցանմուշները ի վերջո կվերադառնան: Շեշտը պետք է դնել ոչ թե կորցրած, այլ փրկված գանձերի վրա»:

«Արցախյան ձեռագրեր» ցուցադրությանը կհաջորդի ևս մեկը, որտեղ կներկայացվեն Մատենադարանում պահվող օտարալեզու ձեռագրերը:  Տնօրենի խոսքով, նման ցուցադրություն առաջին անգամ է ներկայացվում: Նախատեսում են բացմանը հրավիրել նաև Երևանում հավատարմագրված դեսպաններին։

 

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը 2019-ին 132000 այցելու է ունեցել, իսկ 2020-ին՝ հասկանալի պատճառներով, գրանցել են 50% անկում: Վերջին ամիսներին, իհարկե, քիչ են այցելուները, նշում է պարոն Տեր-Ղևոնդյանը, սակայն ուրախալի է փաստը, որ մեծ տոկոս են այսօր կազմում դպրոցականները:

Մանրամասները՝ տեսանյութում: