Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածը համարվեց հակասահմանադրական (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը համարեց ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ հրապարակելով որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Նա նաեւ տեղեկացրեց, որ դատավորներից Ե․ Խունդկարյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սահմանադրության 78-րդ հոդվածը (Համաչափության սկզբունքը) սահմանում է, որ «հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
79-րդ հոդվածի (Որոշակիության սկզբունքը) համաձայն էլ՝ «հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:
ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը Սահմանադրական դատարանը քննել էր մարտի 23-ին գրավոր ընթացակարգով եւ մտել խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ սա այն հոդվածն է, որով Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։