Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ էր կատարվում ՀՀՇ-ում համագումարից առաջ (տեսանյութ)

Հարցազրույց

ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանն այսօր «Ա1+»-ին վստահեցրեց, որ երբեք չի երազել դառնալ ՀՀՇ վարչության նախագահ:

- Ես չէի սպասում, երբեք չէի մտածել այդ մասին: Ինձ համար աշխատանքն  է կարեւոր, որը ես կարող էի կատարել ցանկացած կարգավիճակում: Կարեւորն այն է, ես ինձ մենակ չեմ զգում, մենք ունենք շատ աշխատանք եւ շատ համակիրներ:

- Պարոն Մանուկյան, ի՞նչ էր կատարվում ՀՀՇ-ում հուլիսի 17-ի համագումարից առաջ: Լուրեր էին պտտվում, որ կուսակցությունը պառակտվել է, որ կուսակցության նախկին ղեկավարները  նույնիսկ սպառնում էին Հայ ազգային կոնգրեսի պառակտմանը:

- Արարատ Զուրաբյանը ՀՀՇ վարչության անդամ է' բարձր ձայներով ընտրված: Դա մեր ցանկություն էր: Այդպես անհրաժեշտ էր: Զուրաբյանը հարգանք է վայելում կուսակցության շարքերում: Նա լուրջ ամագ ունի կուսակցության գործերում:

-Այսինքն, Արարատ Զուրաբյանի հասցեին հնչած մեղադրանքները անհի՞մն էին

- Արարատ Զուրաբյանի նկատմամբ երբեք մեղադրանքներ չեն եղել:

-Իսկ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանին ուղղված մեղադրանքների մասին ի՞նչ կասեք:

-Եկեք առաջ գնանք: Խնդիրներ եղել են եւ դեռ կլինեն, սակայն մենք մեր խնդիրները կարող ենք լուծել եւ դրանք ուրիշների սեփականությունը դարձնելու կարիք չկա:

- Ո՞րն էր ՀՀՇ-ի համագումար հրավիրելու պատճառը:

- Համագումարը կարեւոր էր այնքանով, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀՇ-ն համագումար չէր հրավիրել: Մենք հայտնվել ենք նոր իրավիճակում, նոր մարտահրավերներ կան, կուսակցության անելիքները շատացել են, կուսակցությունը ընդարձակվել է: ՀՀՇ վարչությունն ընդլայնվեց' 25 անդամից դարձավ 31: Կուսակցությունն իր ղեկավար կազմը ընդլայնվեց 6 մարզերի ներկայացուցիչներով: Համագումարը խիստ արդյունավետ էր, նշմարվել են հիմնական ուղղությունները, որոնք առաջիկայում կուսակցությունը կիրականացնի:  Կարեւորն այն է, որ կուսակցությունը համագումարին հանդես եկավ միասնական բանաձեւով, ավելի հզորացած, հավատարիմ եւ կայուն վարչությունով: Մենք ոչ միայն ՀՀՇ-ի, այլեւ ՀԱԿ-ի ակտիվացման խնդիր ենք լուծում: Վստահ եղեք, որ ՀԱԿ-ի շարժման մեջ դուք առաջընթաց եք տեսնելու:

- ՀՀՇ վարչության անդամ ընտրվեց նաեւ 14 տարի Հայաստանից բացակայող Վանո Սիրադեղյանը:Նա թեեւ այդքան երկար բացակայում է, սակայն համագումարում, երբ հնչեց նրա անունը, բոլորը մի մարդու նման ոտքի կանգնեցին եւ ողջունեցին: Պարոն Սիրադեղյանը այսօր էլ մեծ ազդեցություն ունի՞ ՀՀՇ-ի գործունեության վրա:

- Բռնատիրության , այս տոտալիտարիզմի դեմ պայքարելու միջոցներից մեկը մեր ընկերների կողքին կանգնելն է, նրանց պաշտպանելն է: Եթե մենք չկանգնենք բանտերում հայտնված մեր ընկերների կողքին, դա առնվազն անբարո կլինի: Եթե մենք չլինենք մեր լիդերի, Վանո Սիրադեղյանի համակիրն ու աջակցողը, մենք արժանի չենք լինի ՀՀՇ-ական կոչվելու: Վանո Սիրադեղյանը մեր ընկերն է, մեր լավագույն, նվիրված մարտիկը: Ցանկացած լավ բառով նրան կարելի է գնահատել եւ նա պետք է լինի մեր ղեկավար կազմում: Բնականաբար, մենք փորձելու ենք արագացնել նրա վերադարձը հայրենիք:

- Որպես ՀՀՇ վարչության նախագահ որո՞նք է լինելու ձեր առաջնային խնդիրները:

- Առաջին բովանդակային քայլը լինելու է երիտասարդների հետ հավաքը: Ես լուրջ ակնկալիք ունեմ երիտասարդների ակտիվացման հետ կապված: Մեզ համար դա խիստ կարեւոր է բոլոր առումներով'այդ թվում միջազգային կառույցների հետ աշխատելու համար: Կարեւորագույն եւ երկարատեւ գործընթաց է հասարակության շարքերում  ազատական գաղափարների եւ քաղաքական գրագիտության տարածումը: Մենք կարեւորում ենք նաեւ միջազգային կառույցներին ինտեգրումը, որը կնպաստի նաեւ մեր քաղբանտարկյալների ազատազրկմանը:

- Այսօր դեռ շատերը ՀՀՇ-ին փորձում են կապել մութ ու ցուրտ տարիների հետ: Դա ՀՀՇ-ի համար  դժվարություններ չի՞ ստեղծում իր ծրագրերն իրականացնելու համար: 

-         Գործող իշխանություններն ամեն ինչ արեցին այդ կերպարը ստեղծելու համար, բայց վերջին 3 տարիների շարժումը այդ սուտը բացահայտեց: Տեսնելով այս իշխանությունների ապաշնորհությունը ԼՂ հարցում, արտաքին քաղաքականության մյուս հարցերում' մարդիկ ՀՀՇ-ի տարիները հիշում են, որպես պրոդուկտիվ, հաջողությունների տարիներ: 1994-95թթ. հաղթանակի տարիներ են: Ցավոք, այդ դժվարին տարիներին մեր ժողովրդի նվաճումները, ձեռքբերումներն  այսօր'խաղաղ պայմաններում, գործող իշխանությունները մսխեցին:

-         Առաջիկայում ՀՀ քաղաքական դաշտում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, եւ ո՞րն է լինելու ՀՀՇ-ի դերն այդ գործընթացներում:

-         Մենք այս պահին միայն ներկուսակցական կազմակերպչական խնդիրներով ենք զբաղված: Առաջիկաում կանդրադառնանք նաեւ այլ հարցերի:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը