Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 7-րդ արշավանքը ՖԻՖԱ-ի գավաթի ետևից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր կանցկացնի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Սա մեր ազգային թիմի թվով 7-րդ պայքարն է ՖԻՖԱ-ի գավաթի համար:

Հայաստանի հավաքականը առաջին անգամ մասնակցել է ֆուտբոլի 1998թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Մեր թիմն անդրանիկ խաղն անցկացրել է 1996թ օգոստոսի 31-ին, Երևանում, Պորտուգալիայի հետ: Այն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Վեց թիմերի պայքարում Հայաստանի հավաքականն ի վերջո իր խմբում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ ետ մնալով Գերմանիայի, Ուկրաինայի և Պորտուգալիայի ընտրանիներից, սակայն առաջ անցնելով Հս.Իռլանդիայից և Ալբանիայից: 

Հետագայում Հայաստանի հավաքականը մասնակցել է 2002, 2006, 2010, 2014 և 2018թթ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերին, սակայն չի կարողացել 5-րդ հորիզոնականից բարձր տեղ զբաղեցնել: 

Ինչ վերաբերում է մեկնարկային խաղերին, ապա մեր հավաքականը միայն մի դեպքում է հաղթանակով սկսել ընտրական փուլը:

02.09.2000 Նորվեգիա – Հայաստան՝ 0:0

18.08.2004 Մակեդոնիա – Հայաստան՝ 3:0    

06.09.2008 Հայաստան – Թուրքիա՝ 0:2

07.09.2012 Մալթա – Հայաստան՝ 0:1

04.09.2016 Դանիա – Հայաստան՝ 1:0

 

Հայաստանի հավաքակականն այսօր Վադուցում կհանդիպի Լիխտեյնշտեյնի ընտրանու հետ: Ալպյան լեռների ստորոտում գտնվող այդ երկրի ազգային թիմը մեր ընտրանու մշտական մրցակիցն է դարձել վերջին ժամանակներում: 

 

2018թ կողմերը հանդիպել են ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում: Երևանում կայացած առաջին խաղում Տիգրան Բարսեղյանի խփած գոլի հաշվին Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ պատասխան խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2:

 

Հաջորդ տարի կողմերն արդեն պայքարում էին Եվրո-2020-ի ուղեգրերի համար: Առաջին հանդիպումը կրկին կայացել է Երևանում, սակայն այդ անգամ մեր ընտրանին 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Լիխտեյնշտեյնում կայացած պատասխան խաղում դարձյալ գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1: Դրանից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել, քանի որ երկրորդ անգամ չի կարողացել հաղթել այդ փոքրիկ երկրի ազգային թիմին:

 

Եվ ահա, Հայաստանի հավաքականն այսօր երրորդ անգամ հանդես կգա Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում: Արդյոք մեր թիմին կհաջողվի խախտել տխուր ավանդույթը, ցույց կտա խաղը: Նշենք, որ բուքմեյքերները լիովին հավատում են Հայաստանի հավաքականի հաղթանակին՝ 1,33 գործակից ընդդեմ 10,00-ի: