MERCOSUR-ը ոչ թե արտաքին առևտրի համար փակ դաշինք է, այլ մեր երկրների համար աշխարհին ներկայանալու հարթակ․ Արգենտինայի ԱԳ նախարար
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 26-ին լրանում է աշխարհի առաջատար տնտեսական դաշինքներից մեկի՝ MERCOSUR-ի հիմնադրման 30-ամյակը, որտեղ Արգենտինան ներկայումս նախագահող երկիր է:
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլայի ուղերձն այդ առիթով․
Հարավային ընդհանուր շուկան (MERCOSUR) հիմնադրվել է Ասունսիոնի պայմանագրով 1991 թվականին Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի կողմից: Դաշինքը տարածաշրջանում պատմական նվաճում է և Լատինական Ամերիկայի տնտեսական ինտեգրման հիմնարար հանգրվաններից մեկը` ուղղված երկրների միջև մրցակցային նախկին տրամաբանությունը հաղթահարելուն և համագործակցության դինամիկա հաստատելուն:
Գրեթե 300 միլիոն բնակչությամբ և գրեթե 15 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով (50% ավելի մեծ, քան եվրոպական մայրցամաքը և գրեթե Ռուսաստանի տարածքի չափ)՝ MERCOSUR-ը հայտնի է իր բնական և սննդային պաշարների մեծ ներուժով: Դաշինքն արտահանում է աշխարհում սոյայի 63%-ը, հանդիսանում է մսամթերքի, եգիպտացորենի, սուրճի և երկաթի առաջատար արտահանողը, ինչպես նաև՝ ավտոպահեստամասերի ութերորդ խոշոր արտադրողը: Նրա ՀՆԱ-ն 2019-ին հասել է 4,467 տրիլիոն ԱՄՆ դոլարի (որը չափվում է գնողունակության հավասարությամբ)՝ դարձնելով դաշինքն աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունը:
Չնայած MERCOSUR-ի հիմնադրման հստակ նպատակները տնտեսական և առևտրային էին՝ դաշինքը կարևոր դեր ունի ժողովրդավարության ամրապնդման և հակամարտությունների վերացման գործում: Խաղաղությունը զարգացման անհրաժեշտ պայման է, և տարածաշրջանային ինտեգրումը պատմականորեն առանցքային գործիք է եղել մեր տարածաշրջանը զինված բախումներից զերծ խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու համար:
Մեկնարկելով 1991 թվականից՝ մենք ստեղծեցինք ազատ առևտրի գոտի, որպեսզի մեր ապրանքներն ու ծառայությունները շրջանառվեն առանց սահմանափակումների, ինչպես նաև ընդհանուր արտաքին սակագին, որը մեզ թույլ է տալիս կառավարել ապրանքափոխանակությունն աշխարհի հետ: Սա թույլ տվեց, որ մեր փոխադարձ առևտուրն ակտիվորեն զարգանա: Մենք նաև կարողացանք նպաստել ավելացված արժեքով ապրանքների փոխանակմանը գործընկեր չորս երկրների միջև, որի միջոցով խթանվեց ոչ ավանդական արտահանման գործունեությունը, ինչպես նաև ստեղծվեցին ավելացված բարձր արժեքով աշխատատեղեր (կենսավառելիքի, քիմիական և նավթաքիմիական նյութերի, դեղագործութանն, երկաթի և պողպատի արտադրության, ավտոպահեստամասերի արտադրության և այլ ոլորտներում): Այսպիսով, չնայած MERCOSUR-ը առաջնային ապրանքների ավանդական և ճանաչված արտահանող է, դաշինքի գործընկերների միջև իրականացվող առևտրի մեծ մասն արդյունաբերական արտադրանքն է, որոնց մեջ առանձնանում է, օրինակ, ավտոպահեստամասերի առևտուրը (ինչը կազմում է Արգենտինայի և Բրազիլիայի միջև ընդհանուր առևտրի գրեթե 50%-ը):
Մեր քաղաքացիները կարող են նաև բնակություն հաստատել դաշինքի մեկ այլ երկրում և ազատորեն աշխատել անտեղ, ինչն այնքան էլ տարածված երևույթ չէ աշխարհում:
2004թ.-ին մենք ստեղծեցինք MERCOSUR-ի կառուցվածքային կոնվերգենցիայի ֆոնդը, որի միջոցով այսօր անհատույց վարկերի մեջ ներդրվել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ուղղված ենթակառուցվածքների և արտադրական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչը մեզ թույլ է տալիս բարձրացնել մեր տնտեսությունների մրցունակությունը՝ հատկապես տարածաշրջանի քիչ զարգացած տարածքներում:
Մյուս կողմից, MERCOSUR-ն իր գործունեության վաղ շրջանից բանակցություններ է վարել և առևտրային համաձայնագրեր ստորագրել Լատինական Ամերիկայի տարածաշրջանի երկրների մեծ մասի հետ, ինչն այսօր թույլ է տալիս նրան ունենալ ամերիկյան երկրների մեծ մասն ընդգրկող ազատ առևտրի գոտի: Նմանապես, մենք նաև բանակցություններ ենք վարել Եվրամիության, EFTA-ի, Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Աֆրիկայի հարավի երկրների հետ առևտրային համաձայնագրերի շուրջ: MERCOSUR-ը ոչ թե արտաքին առևտրի համար փակ դաշինք է, այլ մեր երկրների համար աշխարհին ներկայանալու հարթակ:
Բացի այդ, MERCOSUR-ի շրջանակներում համագործակցությունը տարածվում է շատ ոլորտների վրա ՝ մշակույթ, կրթություն, գիտություն և տեխնոլոգիա, ընդհանուր քաղաքացիության ձևավորում, սոցիալական և տնտեսական քաղաքականության համակարգում և այլն:
Այս բոլոր նվաճումները, որոնք դաշինքը ձևավորել է իր երեք տասնամյակների պատմության ընթացքում, ակնհայտորեն չի նշանակում, որ առջևում մարտահրավերների շարք չկա: Հետևաբար, մեր ռազմավարական օրակարգը պարտավորեցնում է մեզ մշակել արտադրական զարգացման ընդհանուր և համակարգված քաղաքականություն, ընդլայնել ապրանքների և ծառայությունների արտադրական կարողությունները, ստեղծել մասնագիտացված տնտեսություններ և ավելի խելամտորեն ներկայանալ արժեքների գլոբալ շղթաներում և ներդրումային համընդհանուր հոսքերի մեջ:
Միևնույն ժամանակ, MERCOSUR-ն ունի միջազգային ասպարեզում զարգացման իր դերը: G20-ում, ԱՀԿ-ում, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում և այլ միջազգային կազմակերպություններում մեր երկրների միությունն օգնում է մեզ պաշտպանել մեր դիրքերը համաշխարհային օրակարգում: Բախվելով ավելի ու ավելի բարդ և մասնատված համաշխարհային սցենարի՝ ամեն անգամ առավել կարևոր է դառնում դիրքորոշումների համաձայնեցումը, ինչն էլ MERCOSUR-ը թույլ է տալիս անել:
MERCOSUR-ը վերջին երեսուն տարվա ամենաարդիական արտաքին քաղաքական գործիքն է մեր երկրների համար: Խոսքը գնում է պետական քաղաքականության մասին, որն ավելի վեր է, քան կառավարությունների փոփոխությունները: Այս երեսուն տարվա ընթացքում մենք շատ փոխհամաձայնությունների ենք հասել. նվիրվածություն ժողովրդավարությանը՝ որպես մեր ժողովուրդների կյանքի հիմնարար պայման, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը` որպես համակեցության համար էական և անքակտելի արժեք, մեր բազմազանության ճանաչումը, մեր արտադրական կառուցվածքների ինտեգրմանն ուղղված զարգացման քաղաքականության համակարգումը:
Աշխարհն այսօր ապրում է համաշխարհային ուժային կառուցվածքի վերաձևավորում՝ վերջին յոթանասուն տարիներին մեզ համակարգող միջազգային ինստիտուտների ճգնաժամի հետ մեկտեղ: Այս սցենարի մարտահրավերների և անորոշությունների առջև կանգնած՝ վստահ ենք, որ մեր երկրների ինտեգրումը կշարունակի մնալ մեր զարգացման խթանման, մեր ինքնիշխանությունը պահպանելու, մեր ժողովուրդների բարեկեցությունը խթանելու և աշխարհին ինտեգրվելու լավագույն ճանապարհը: