Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Աշխարհի չեմպիոնը ու փոխչեմպիոնը սայթաքեցին, իսկ 3-րդ թիմը՝ ոչ. ԱԱ-2022 ընտրական փուլ

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլում կայացած 1-ին տուրի խաղերում գրանցվեցին առաջին անակնկալները:

Նախ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը սեփական դաշտում չկարողացավ հաղթել Ուկրաինայի ազգային թիմին և բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1:1: Ուշագրավն այն է, որ հյուրերն այդ խաղում այդպես էլ գոլ չեն խփել, բայց նրանց «օգնության» է հասել տանտերերի պաշտպան Պրեսնել Կիմպեբեն, որը 57-րդ րոպեին գրավել է սեփական դաշտը:

Սլովենաիայի ընտրանին սեփական դաշտում 1:0 նվազագույն հաշվով պարտության է մատնել արդեն 2018թ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիային: Միակ գոլը 15-րդ րոպեին հեղինակել է Սանդի Լովրիչը:

Անակնկալ է համարվում նաև Թուրքիայի հաղթանակը սեփական դաշտում Նիդեռլանդների նկատմամբ՝ 4:2, քանի որ ՖԻՖԱ-ի դասակարգմամբ հյուրերը բավականին առաջ են տանտերերից: Վերջիններից ավագ Բուրակ Յիլմազը հեթ-տրիկի հեղինակ դարձավ և հաղթանակ բերեց իր երկրին, իսկ ահա նիդեռլանդցի ֆուտբոլիստները չնայած ունեին տարածքային մեծ առավելություն և երկու անգամ շատ հարվածներ հասցրին մրցակցի դարպասին (20), սակայն ընդամենը երկու անգամ հասան հաջողության:

Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը չեզոք դաշտում 1:0 հաշվով հաղթեց Ադրբեջանին, ընդ որում ինքնագոլի հաշվին: Աշխարհի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի ընտրանին սեփական դաշտում սկզբունքային խաղում առավելության հասավ Ուելսի նկատմամբ՝ 3:1:

Ընտրական փուլը հաղթանակով սկսեցին նաև Նորվեգիան (3:0), Չեռնոգորիան (2:1), Ռուսաստանը (3:1), Սերբիան (3:2) և Չեխիան (6:2): Առաջին պարտությունը կրեցին համապատասխանաբար Ջիբրալթարը, Լատվիան, Մալթան, Իռլանդիան և Էստոնիան: Երկու հանդիպում ավարտվեցին ոչ-ոքիով. Կիպրոս – Սլովակիա՝ 0:0, Ֆինլանդիա – Բոսնիա և Հերցեգովինա՝ 2:2:

Այսօր տեղի կունենան 1-ին տուրի մնացած 13 հանդիպումները: Մեզ առաջին հերթին հետաքրքում է ընտրական J խմբի խաղերը, քանի որ այդտեղ է հանդես գալիս Հայաստանի հավաքականը. Գերմանիա – Իսլանդիա, Լիխտենշտեյն – Հայաստան, Ռումինիա – Հս. Մակեդոնիա: բոլոր խաղերը կսկսեն Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: