Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բաբկեն Թունյան
A A
Պաշտոնական

Փոփոխություն՝ պետական գնումներին մասնակցող տնտեսվարողների համար. 100% բանկային երաշխիքի պահանջը կփոխվի․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վերջին շրջանում գործարար համայնքի կողմից ամենից հաճախ բարձրաձայնվող հարցերի թվում էր պետական գնումներին մասնակցության համար 100% բանկային երաշխիքի պահանջը։ Այդ խնդիրը կլուծվի կառավարության վաղվա նիստում։

 
? ԳՈՐԾՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Այսօր գործող կարգավորումների համաձայն՝ 10 մլն. դրամը գերազանցող պետական գնումների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել որակավորման ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, ընտրված մասնակցի գնային առաջարկի չափով:
Պարզ ասած, եթե պայմանագրն արժեքը, օրինակ, 200 մլն դրամ է, ապա մրցույթում հաղթած տնտեսվարողը ոչ միայն պետք է այդ ծավալի աշխատանքը կատարի, այլեւ 200 մլն դրամի չափով էլ գումար «սառեցնի»՝ ներկայացնելով բանկային երաշխիք կամ կանխիկ գումար։
 
? ԻՆՉՈՎ ԷՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ 100% ԵՐԱՇԽԻՔԻ ՊԱՀԱՆՋԸ
Այս կոշտ կարգավորումը ներդրվել էր՝ ապահովելու համար պետության՝ որպես գնորդի, կարիքին համապատասխանող արդյունքի ստացումը, կառավարելի դարձնելով ինչպես պայմանագրերի ձախողման, այնպես էլ հնարավոր վնասների փոխհատուցման, լրացուցիչ ռեսուրսների ներդրման ռիսկերը, բացառելու ինչպես խտրական որակավորման չափանիշների սահմանումը, այնպես էլ հայտերի գնահատման և պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր հակամրցակցային համաձայնությունները և չարաշահումները:
 
? ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ժամանակը ցույց տվեց որ, որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը՝ գնային առաջարկի 100%, ինչպես նաև այլընտրանքների կիրառման բացակայությունը, խնդիրներ են ստեղծում տնտեսվարողների համար։ Հատկապես ՓՄՁ-ների մասնակցության հնարավորությունները սահմանափակվում են, առաջանում են անառողջ մեխանիզմների ձևավորման ռիսկեր։ Օրինակ՝ հնարավոր է խոշոր մի կազմակերպություն, որն ունի ազատ դրամական միջոցներ կամ բանկային երաշխիք ստանալու հնարավորություն, շահում է մրցույթը եւ ենթակապալով պայմանագրային պարտականությունները տալիս փոքր տնտեսվարողներին։ Այսինքն՝ արհեստական շղթա է առաջանում պետական գնումների գործընթացում, ինչն էլ իր հերթին թանկացնում է պետության կողմից գնվող ապրանք ծառայությունները։
Ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանում ինձ դիմած տնտեսվարողների մեծ մասի հիմնական բողոքը կապված է եղել հենց այս կարգավորման հետ։
 
? ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը այս մասին հարց ուղղեց, ինչին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Կառավարության վաղվա նիստում փոփոխություն է կատարվելու կառավարության համապատասխան որոշման մեջ։ Որակավորման պահանջը ընդհանուր առմամբ մեղմացվելու է, ներդրվելու են նաեւ այլընտրանքային տարբերակներ՝ բանկային երաշխիքից եւ կանխիկ գումարից բացի»։