Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ կարծիքով՝ ԲՀԿ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Ընտրական օրենսգիրքը վերջին լրամշակված տարբերակով ներկայացնելուց հետո մենք այս հարցի հետ կապված քաղաքական քննարկում դեռևս չենք ունեցել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխության հարցին:

Նրա խոսքով՝ այս պահին իրենք որևէ բովանդակային քննարկման դաշտ այս իշխանության հետ չեն մտնելու Ընտրական օրենսգրքի վերաբերյալ

«Այսինքն՝ մեզ համար, սկզբունքորեն միևնույն է, թե որ Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին՝ հի՞ն, թե նոր: Կարևորն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով, օրինակ, ընտրությունների օրը չտեղափոխվի, կամ քաղաքական այլ գործընթացները չփորձեն հարմարեցնել Ընտրական օրենսգրքի «բարեփոխումների» հետ»»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենց համար ցանկացած ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելու հանգամանքը նախընտրելի է այն առումով, որ իրենք՝ որպես կայացած քաղաքական ուժ, որևէ խնդիր չեն տեսնում այս հարցում.

«Մենք ասել ենք, որ այս պահին երկրում հասունացած է քաղաքական ճգնաժամ, և դրա հանգուցալուծման ամենակարճ և սահմանադրական, քաղաքական ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որոնք անցկացնելու առումով մենք հնարավորություն ենք տվել իշխանություններին, և բնականաբար այս գործընթացում յուրաքանչյուր օր հապաղումը իր հետևից բերում է բազմաթիվ հետևանքներ՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Տոնոյանն ասաց՝ եթե ԱԺ-ում նախաձեռնեն  փոփոխությունններ Ընտրական օրենսգրքի հետ կապված, իրենց դիրքորոշումը բացասական է լինելու, որովհետև այդ փոփոխությունները լինելու են շտապողական, հապճեպ և նպատակահարմար չեն։

Դիտարկմանը, թե ով է լինելու ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ով է գլխավորելու ցուցակը, Իվետա Տոնոյանն ասաց, որ քննարկում չեն ունեցել, բայց վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը

«Դա իմ անձնական կարծիքն է, որը, կարծում եմ, մեր թիմակիցները կկիսեն»,-ասաց պատգամավորը: