Բացել լրահոսը Փակել լրահոսը
163729268_1810903005738898_7051164737463732879_o
A A
Պաշտոնական

ԵՊԲՀ օրդինատորը կամավորագրվել է՝ պատրաստ ցանկացած արտակարգ իրավիճակում մասնագիտական պարտքը կատարելուն

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բժշկական բուհի սովորողները համավարակի և պատերազմի այս բարդ ժամանակաշրջանում ներդրել են իրենց կյանքը՝ վայրկյան անգամ խույս չտալով այն ընտրությունից, որը կոչում ենք բժշկի ուղի: Նրանք մասնագիտություն ընտրելիս հաշվի են առել ոչ միայն՝ ինչ են ստանալու ապագայում, այլև ինչ ներդրում են ունենալու ընտրած ոլորտում՝ գիտակցելով այն մարտահրավերները, որոնց հաղթահարման համար չեն խնայի ոչինչ:

ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ուռուցքաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Սոֆի Իսրայելյանը բժշկական բուհի այն սովորողներից է, որն Արցախի դեմ իրականացվող պատերազմի մասին լուրը լսելուն պես, մասնագիտական պարտքը միախառնելով հայրենիքի նկատմամբ պարտքին, կամավորագրվել է: «Որոշումս պատահական չէր. մասնագիտություն ընտրելիս գիտակցել եմ, որ ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է պատրաստ լինեմ կատարել մասնագիտական պարտքս։ Հենց առաջին օրը դիմել եմ ՀՀ առողջապահության նախարարություն՝ կամավորագրվելու նպատակով։ Մի քանի օր անց, ընդունելով դիմումս, առաջարկեցին՝ որպես շտապ օգնության բժիշկ մեկնել Արցախ՝ վիրավոր զինվորներին ՀՀ տեղափոխելու նպատակով»,-նշում է սովորողը, որը պատերազմի ողջ ընթացքում Ստեփանակերտի հոսպիտալից և հիվանդանոցից շտապ օգնության մեքենայով վիրավորներ է տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Սոֆի Իսրայելյանի կարծիքով՝ ապրելով պատերազմող երկրում՝ ոչ միայն ինքը, այլև յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի սատար կանգնել հայրենիքին և ժողովրդին։ «Այսօր ավելի պատրաստակամ եմ և սեփական փորձով համոզվեցի, որ կարող եմ ճիշտ կողմնորոշվել անգամ նման բարդ իրավիճակում»,- նշում է սովորողը՝ մատնանշելով կամավորական աշխատանքի շնորհիվ ձեռք բերած մեծ փորձը։

Սոֆին փոքրուց է սիրել բժշկությունը և չի պատկերացրել ապագան այլ մասնագիտության մեջ։ «Ընտրությունս ուռուցքաբանության և վիրաբուժության միջև էր՝ ընտրեցի երկուսն էլ՝ օնկովիրաբուժություն»,- ասում է նա, ում երկու մեծ քույրերը մասնագիտությամբ զինվորական են և պարբերաբար մարտական ծառայություն են իրականացնում առաջնագծում: Պատերազմն էլ բացառություն չէր. նրանք որպես օրինակ են ծառայել բժշկի առաքելություն իրականացնող կրտսեր քրոջը։ «Մի վիրավորի տեղափոխելիս, նրան վատ ճանապարհներներից մի փոքր շեղելու համար հարցեր էի տալիս և պարզվեց, որ քրոջս ծառայակից ընկերն է։ Նա ամբողջ ընթացքում ասում էր, որ պետք է արագ վերականգնվի և վերադառնա զինվորների մոտ։ Անգամ այդ վիճակում մտածում էր իր ենթակայության տակ գտնվող զինվորների մասին։ Պատերազմից հետո էլ պարբերաբար զանգահարում է, հարցնելով՝ մարտական ընկեր, ո՞նց ես»,-հիշում է օրդինատորը՝ փաստելով, որ նման դեպքերն էլ ավելի են մոտիվացրել իրեն։

Ապագա օնկովիրաբույժի կարծիքով՝ բժշկի ամենակարևոր հատկանիշներն են՝ մարդասիրությունն ու նվիրվածությունը մասնագիտությանը։ «Բժիշկը պետք է ոչինչ չխնայի մարդկային կյանքերը փրկելու և կյանքի որակը բարելավելու համար»,-ասում է նա՝ ավելացնելով, որ պատերազմի ժամանակ կամավորական աշխատանքը մեծ փորձ էր և իր մեջ ավելի է ամրապնդվել այն կարծիքը, որ պետք է լավ մասնագետ դառնալ՝ հետագայում ապրելով և աշխատելով հայրենիքում։

ԵՊԲՀ օրդինատոր Սոֆի Իսրայելյանը սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար արժանացել է պատվոգրի ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Ապագա օնկովիրաբույժն այժմ օրդինատուրա է անցնում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի՝ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքում և այդ ուղղությամբ էլ ցանկանում է շարունակել բժշկի գործունեությունը»։