Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջարկվում է մինչեւ 6 ամիս ժամկետով երկարաձգել COVID 19-ով զբաղվող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունները (տեսանյութ)

 Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում քննարկեց «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» ԱԺ որոշման նախագիծը: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ սանձազերծված պատերազմի հետեւանքով, ինչպես նաեւ պետական համակարգի գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը: Անցած երկու ամիսներին հանձնաժողովը լայնածավալ աշխատանք է իրականացրել: 10 հարցում է կատարվել՝ 333 հարցերով: Հարցերից երկուսն ուղղվել է Կառավարությանը: Հարցումներ են ուղղվել Կենտրոնական բանկին, Գլխավոր դատախազությանը, Հաշվեքննիչ պալատին, ՄԻՊ գրասենյակին, Համահայկական հիմնադրամին: Քննիչ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվել են բոլոր հարցումները եւ ընթացիկ պատասխանները: Կառավարությունից ամբողջական տեղեկատվություն ակնկալվում է ստանալ մինչեւ մարտի 30-ը: Այնուհետեւ ԱԺ քննիչ հանձնաժողովը լայնածավալ աշխատանք կսկսի տեղեկատվությունը վերլուծելու, եզրահանգումներ կատարելու ուղղությամբ, կաշխատի փորձագետների հետ, ինչից հետո կհրավիրվեն համապատասխան պաշտոնատար անձինք:  Հանձնաժողովի աշխատանքն ավարտին հասցնելու համար առաջարկվում է վերջինիս լիազորությունների ժամկետը երկարաձգել 6 ամսով:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, եթե երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն 6 ամսից շուտ, ապա ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի ճակատագիրը:

Արկադի Խաչատրյանը համոզված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում, եթե անգամ Քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել գործունեությունը,  կատարված աշխատանքը կարող է օգտագործել հաջորդ խորհրդարանի համապատասխան քննիչ հանձնաժողովը: «Տեղեկատվությունը կարխիվացվի եւ կփոխանցվի հաջորդ խորհրդարանին»,-նշեց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ կաշխատեն արդյունքներ ունենալ մինչեւ հնարավոր ժամկետի ավարտը:

Արարատ Միրզոյանն առաջարկեց կատարած աշխատանքն ամփոփել եւ եզրակացության տեսքով հրապարակել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ  Հայկ Գեւորգյանի հեղինակած «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ Կառավարության ներկայացրած «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը: