Թուրքիայի կողմից ջրամբարաշինությունը խնդիր է առաջացրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1900 մ 60 սմ է, 15 սմ-ով բարձր անցյալ տարվա համեմատությամբ», -այս մասին հայտնեց ՀՀ շրջական միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը:
Նա անդրադարձավ Հայաստանում ջրային ռեսուրսներին ու առկա խնդիրներին: Նրա խոսքով` Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 74 մլն խորանարդ մետր պակաս ջուր է ամբարված այս տարի, քան անցյալ տարի: Ելնելով նախաձմեռային, ձմեռային և գարնանային վարարումների ընթացքում կանխատեսվող եղանակային պայմաններից` Հայաստանում այս տարի կանխատեսվում է նորմային մոտ ջրաբանական տարի:
«Ազատի ջրամբարում կանխատեսվում է 100% լցվածություն, Ախուրյանում` 80-85%, Արփի լիճ ջրամբարում` 65-70%, իսկ Ապարանի ջրամբարում 55-60% լցվածություն: Ապրիլ-հունիս ամիսնհերին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 37-42 սմ, իսկ տարեկան կտրվածքով 6-11 մ», - ասաց Լևոն Ազիզյանը:
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ մենք ջրային ռեսուրսների խնդիր ունենք հատկապես Արաքս- Ախուրյան հատվածում` պայմանավորված Թուրքիայի կողմից ջրամբարաշինությամբ:
Լուրջ խնդիր է նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների փոփոխությունը: Սկսած 1994 թվականից բոլոր տարիներին նկատվում է ջերմաստիճանի շարունակական բարձրացում , և լեռնային շրջաններում տեղումները նկատվում են միայն անձրևի տեսքով: