Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Մարտակերտի շրջանում պատերազմի հետևանքով ավերածությունների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ:

Մաղավուզում երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, ծանոթացել մշակույթի տան վերականգնման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական քաղաքականության շրջանակներում ընթացիկ տարում մայրուղուց գյուղ տանող ճանապարհը կասֆալտապատվի, նախագծային աշխատանքներ կիրականացվեն համայնքի խմելու ջրի ու էլեկտրամատակարարման ներքին ցանցերը փոխելու և մանկապարտեզի շենք կառուցելու ուղղությամբ: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է նաև գյուղի ազատ բնակֆոնդի վերականգնման ընթացքով և հանձնարարել նոր շինարարական բրիգադներ ներգրավել այդ աշխատանքներում: 

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառըՎարնկաթաղում էր: Այն ևս վերջին պատերազմի ընթացքում թշնամու կողմից ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության: Նախագահը ծանոթացել է վնասների վերականգնման աշխատանքներին, խոսել գյուղում կառուցվելիք դպրոցական նոր շենքի և զարգացման մի շարք ծրագրերի մասին: 

Շրջանի Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներում ևս օրակարգում նույն հարցերն էին: Արայիկ Հարությունյանի հորդորն էր նոր թափ հաղորդել գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին: Հատկապես այգեգործությունն ու անասնապահությունն այդ համայնքների բնակչության առաջիկա տարիների զբաղվածության հիմնական ուղղություններն են լինելու: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Կառավարությունը միջոցներ չի խնայելու ենթաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: