Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվորի մահ
A A
Քաղաքականություն

Այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի տված զոհերի՝ այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված թիվը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունի: «Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն առանց այդ էլ շատ զոհեր է ունեցել, պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել:

«Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի համար են զոհվել մեր տղաները, զոհվել են, որ Արցախն այսօր լինի»,- նշեց վարչապետը: