Բացել լրահոսը Փակել լրահոսը
162497176_2712004112381601_4191178484036241342_o (1)
A A
Պաշտոնական

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էր։Նախարարն ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկել «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Սևան» ազգային պարկի արդեն նախկին տնօրեն Արա Խլոյանին՝ ամիսների համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունության մեջ։
Նախարար Պետրոսյանը տնօրենի նոր պաշտոնակատարին է ներկայացրել ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքում կկարողանան բազմապատկել ջանքերը՝ ազգային պարկում մեկնարկած բարեփոխումները շարունակելու արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից, և միասին արդյունավետորեն առաջ տանելու բոլոր մեկնարկած ծրագրերը ու մեկնարկելու նորերը։
Նախարարը նոր գործընկերոջն է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների ողջ համալիրը․
✅ Սիգի արդյունագործական որսի նոր փուլի մեկնարկ, որին պետք է նախորդի գործընթացների մի ամբողջ փուլ,
✅«Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրեր, որոնց մի մասը ենթակա է խզման, մյուս մասը՝ վերակնքման, հաջորդները՝ դատական կարգով լուծվելու և այլն,
✅Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ,
✅ 5 ներդրումային ծրագիր ու պայմանագրային փաթեթներ, որոնք քննարկվելու են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից,
✅ Բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրվող հողերի տրամադրման կարգի փոփոխության գործընթացներ,
✅ Ուսումնասիրել օրենքները, Կառավարության որոշումները, իրավական ակտերը։ «Սևան» ազգային պարկում գործունեությունը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակում,
✅ Գույքագրել ապամոնտաժման ենթակա իրավական կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները,
✅ Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների մեկնարկ,
✅ Անտառկառավարմանն ու նոր անտառաշերտերի ստեղծմանն ուղղված աշխատանքներ․EU4Sevan-ի զուգահեռ ծրագրով այս պահին քննարկվում է 145 մլն եվրո արժեքով ծրագիր,
✅ Առափնյա, վերջրյա հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացում և տեխնիկական վերազինում,
✅ «Սևան» ազգային պարկի գիտական, տնտեսական, կոմերցիոն բաղադրիչների խթանում։
Նախարար Պետրոսյանն ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է ս․թ․ մարտի 25-ից մեկնարկող արդյունագործական ձկնորսության երկրորդ փուլի մեկնարկին ուղղված նախապատրաստական աշխատանքները, լսել գործընկերների մտահոգությունները և հանձնարարել անել ամեն հնարավորը՝ բացառելու նախորդ տարվա թերացումները։
Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Քննարկվել են դրան ուղղված քայլերը և առաջիկա անելիքների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվել։
Հանդիպման ավարտին նախարարն ազգային պարկի գործընկերներին հորդորել է համախմբվել նոր տնօրենի շուրջ, ում առջև նոր ու ավելի խորքային բարեփոխումների իրականացման խնդիր է դրվել, և միասին ձեռնամուխ լինել մեր ազգային հարստության պահպանմանը։