Բացել լրահոսը Փակել լրահոսը
687F8443-3C10-479A-B353-E6CF2F076C64_w1023_r1_s
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի. Կրոնական ազատության մասին ԱՄՆ հանձնաժողովի զեկույց

Ամերիկայի Ձայն

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է 2020 թվականի Ադրբեջանում կրոնի ազատության հետ կապված իրավիճակի մասին զեկույցը, ուր անդրադարձել է երկրում 2019 թվականի ընթացքում արձանագրված միտումներին և զարգացումներին

2020 թ-ի սկզբին USCIRF առաքելությունն այցելել էր Ադրբեջան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Զեկույցը ներառել է նաև անցած տարվա վերջին ԼՂ շուրջ ռազմական հակամարտության հետ կապված դրույթներ:

USCIRF-ն արձանագրում է վերջին տարիներին Ադրբեջանում որոշակի բարելավում կրոնական ազատությունների պաշտպանության հարցում: Մասնավորապես դադարեցվել են իրավապահների կողմից ծրագրած ռեյդերը կրոնական համայնքների դեմ, ինչպես նաև ներում է շնորհվվել բազմաթիվ կրոնական ակտիվիստների: Այնուամենայնիվ, ըստ հանձնաժողովի, Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ խնդրահարույց հակասական օրենսդրության, մասնավորապես, «Կրոնական ազատությունների մասին» 2009 թ. օրենքի պատճառով: Իշխանությունները հետաքրքրվածություն չեն ցուցաբերում՝ այն վերանայելու հարցում:

Զեկույցն անդրադարձել է նաև բազմաթիվ այլ խնդիրների՝ կրոնական համայնքների գործունեությունը սահմանափակող տարրերի և պարտադիր գրանցման պահանջին, կրոնական ակտիվիստների նկատմամբ շարունակվող ճնշումներին, մասնավորապես, նրանց ազատազրկմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված հակամարտության համատեքստում գրանցված վերջին խախտումներին:

Ըստ զեկույցի՝ 2020 թ-ի սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների շուրջ վերսկսված ռազմական հակամարտության ընթացքում Հայաստանը մեղադրեց Ադրբեջանին սբ. Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ռմբակոծման մեջ: Հրապարակված հաղորդագրությունների համաձայն, նշված է զեկույցում, եկեղեցին երկու անգամ ենթարկվել է հրթիռային ուղիղ հարվածների, որոնք զգալիորեն վնասել են եկեղեցու տանիքը և ներսը: Զեկույցը մեջբերում է Human Rights Watch-ի անցած տարվա դեկտեմբերի եզրակացությունը, ըստ որի, դա դիտավորյալ հարձակում էր, որը որակվում է որպես ռազմական հանցագործություն: Այն պետք է հետաքննվի, իսկ մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ասված է հանձնաժողովի զեկույցում: Հանձնաժողովը նշել է նաև՝ Ադրբեջանը պնդում է, որ հայկական ուժերը ևս վնասել են կրոնական հուշարձաններ:

Զեկույցն ընդգծում է, որ նոյեմբերին ստորագրված զինադադարի մասին հայտարարությունը մտահոգություններ առաջացրեց Ադրբեջանին անցած տարածքներում տարբեր եկեղեցիների, վանքերի, տապանաքարերի և այլ կրոնական ու մշակութային վայրերի պաշտպանության վերաբերյալ: Ըստ զեկույցի, նախագահ Ալիեւը հավաստիացումներ է տվել ՌԴ նախագահ Պուտինին, որ քրիստոնեական վանքերը այդ տարածքներում կպահպանվեն, սակայն, պատմական որոշ վայրեր, ինչպիսիք են Հադրութում գտնվող հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը,

ենթարկվել են վանդալիզմի: Հանձնաժողովը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կառույցը ևս կոչ է արել պահպանել պատմամշակութային կոթողներն այս տարածքներում և առաջարկել առաքելություն ուղարկել այնտեղ՝ պատմամշակութային ժառանգության կոթողների գույքագրում իրականացնելու համար:

Կրոնական միջազգային ազատությունների հարցերով ԱՄՆ հանձնաժողովը հանդես է եկել մի շարք առաջարկություններով՝ ուղղված ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին: Հանձնաժողովն առաջարկում է ԱՄՆ պետքարտուղարությանը ներառել Ադրբեջանը պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատությունների ոտնահարման պատճառով, ինչպես նաև համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ`«Կրոնական ազատությունների մասին» 2009 թվականի օրենքը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Բացի այդ, հանձնաժողովը կոչ է անում պետքարտուղարությանը, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, օժանդակել Ադրբեջանին՝ զինվորական ծառայությանն անցնող երիտասարդների համար այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություններ ստեղծելու հարցում:

Հանձնաժողովը նաև առաջարկում է ԱՄՆ Կոնգրեսին անցկացնել հանրային լսումներ՝ Ադրբեջանում կրոնական ազատության իրավունքի եւ մարդու այլ իրավունքների խախտումների շուրջ: