Պատերազմից հետո դիզայներն իտալական բրենդը ընդլայնել է Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայում ունենալով գործունեություն ծավալելու գայթակղիչ հնարավորություններ՝ երիտասարդ ոճաբան Իրինա Երիցյանը որոշել է գալ հայրենիք և իր գիտելիքներն ու աշխատանքային փորձը կիրառել նաեւ Հայաստանում:
Նա կրթություն է ստացել Իտալիայում: Սովորել է Վիեննայում և Միլանի Istituto Marangoni-ում՝ (FASHION AND LUXURY Brand Management) ստանալով նորաձևության և բրենդի կառավարման մասնագիտություն, ապա ուսումը շարունակել է EXTRA DESIGN բաժնում: Մարքեթինգի կառավարման մագիստրոսի կոչում է ստացել IBS Budapest-ում:
Իրինան եկել է մեր երկրի համար ամենադժվար օրերին, երբ տարածվում էր կորոնավիրուսը և տնտեսությունը անկում էր ապրում: Այդ բարդ ու ծանր օրերին Իրինան մտածում էր՝ ինչպես սեփական բիզնեսը զարգացնել Հայաստանում և այստեղ ծավալել գործունեություն, համավարակին հաջորդեց Արցախյան պատերազմը:
Պատերազմից ամիսներ անց նա որոշեց Երևանում ընդլայնել 2015 թ. Իտալիայի Միլան քաղաքում իր հիմնադրած Yerishi-ի բրենդը և այստեղ բացեց իր ոճային պայուսակների ու հագուստի խանութ-սրահը:
«Այս պատերազմը ցնցեց յուրաքանչյուր հայի, շատերը կորցրեցին իրենց հայրերին, որդիներին, եղբայրներին, պատերազմում զոհվեց նաև իմ զարմիկը: Կորստի ցավը ծանր է, սակայն պետք է ուժ գտնել ոտքի կանգնելու և ապրելու համար: Մեր հայրենիքին ամեն մեկս մեր գործով պիտի օգնենք: Համավարակից և պատերազմից հետո շատ դժվար է նոր բան ստեղծել այստեղ, բայց մենք պարտավոր ենք դա անել»,- ասում է Իրինան:
Իրինայի նպատակը հայ կնոջը պարզապես ոճային հագուստ հագցնելը չէ: Yerishi-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ ոճաբանն օգնում է Ձեզ ստեղծել ձեր սեփական ոճը կամ ավելի արտահայտիչ դարձնել այն: Պայուսակների ու հագուստի դիզայներական լուծումները ամբողջությամբ Իրինայի գաղափարիներն են: Նրա ստեղծած յուրահատուկ, գունեղ ու չկրկնվող ապրանքանիշի գլխավոր առաձնահատկությունը բարձր որակն է` բնական կաշի և որակյալ կտորներ: