Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մելքումյանը կարեւոր հաղթանակ տարավ

Սպորտ

Իսպանիայի Բենասկե քաղաքում ընթացող շախմատի ավանդական միջազգային մրցաշարում Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում հաղթեց իտալացի Աքսել Ռոմբալդոնիին եւ անչափ կարեւոր միավոր վաստակեց: Այժմ նա 6 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը եւ շարունակում է պայքարել մրցանակային տեղերի համար:

Մեր մյուս երկու շախմատիստները` Կարեն Մովսիսյանն ու Զավեն Անդրեասյանը, նույնպես հաղթանակներ տարան այս տուրում եւ ընդհուպ մոտեցան առաջատարներին: Նրանք վաստակել են 5,5-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 21-րդ եւ 24-րդ տեղերը: Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը նույնքան միավորով գտնվում է 27-րդ հորիզոնականում:

8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցի մրցաշարի երեք առաջատարներից մեկի` ադրբեջանցի գրոսմայստեր Էլտայ Սաֆարլիի հետ, որն իր ակտիվում ունի 6,5 միավոր: Կարեն Մովսիսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վյաչեսլավ Զախարցովը, իսկ Զավեն Անդրեասյանինը` իսպանացի Խոսե Ֆերնանդես Կուենկան: