Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Էս կատարողականն ունեցող քաղաքապետը հաջորդ թուղթը, որ վերցներ, կլիներ հրաժարականի թուղթը․ Խաժակյան (տեսանյութ)

«Երևանի 2020թ․ ծրագրի իրականացման հաշվետվության մասին նախագիծը» Երեւանի ավագանին այսօր ընդունեց 37 կողմ, 5 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։

Դեմ քվեարկողներից մեկը ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն էր։

«Ծախսերի մեր կատարողականը 2020թ․ կազմել է 63․5%։ Կարծում եմ, որ լավ կառավարիչ քաղաքապետը, հատկապես, որ պաշտոնավարում է արդեն երեք տարի, հենց ստանար կատարման թղթերը և տեսներ 63․5% է, հաջորդ թուղթը, որ վերցներ, կլիներ հրաժարականի թուղթը», - Երևանի ավագանու հերթական նիստի ելույթում ասաց «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականին նույնպես կատարողականը ցածր է եղել՝ 73․43%, բայց դա անցումային շրջան էր՝ որոշ ժամանակ քաղաքապետ չկար, հետո ընտրություններ եղան, բայց արդեն 2019-ին, երբ ներկայիս քաղաքային իշխանությունը պաշտոնավարում էր, կատարողականն ավելի ցածր է եղել՝ 70․5%․

«Ես ճշտեցի, որ Վանաձոր և Գյումրի քաղաքների մոտ 70%-ից ցածր կատարողականը չի եղել և մենք վատ իմաստով չեմպիոն ենք։ Կարծում եմ՝ այստեղ նստած բոլորի համար ամոթալի է դա», - ասաց Դավիթ Խաժակյանը։

Նրա ելույթի ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց․ «Ես ընդամենը 2 տարի եմ կառավարում,  3 չէ։ Դեռ մեկ տարի կա, որ Ձեր ուզածը լինի»։

Ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն էլ ելույթում անդրադարձավ վթարային շենքերի խնդրի լուծմանը, նա նշեց․

«Բնակիչները 2 տարի շարունակ մեզ են դիմում ձեզ են ընտրել, բայց մեզ են ահազանգում։ Ասում եք՝ փող չկա, բայց մի տեղ էլ փող կա, կատարողականները լիարժեք չեք կատարել։ Կառավարությունը 780 մլն դոլար վարկ էր վերցնում այլ երկրներից, 40 մլն էլ Ձեր համար ուզեիք, թե՞ չէին վստահում Ձեզ, պարո՛ն քաղաքապետ»։

Նա դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին․ «Քաղաքապետ լինելով հանդերձ՝ ձեռագիր պետք է թողեք Երևան քաղաքին, շենքեր կառուցեիք, գումարներ հայթայթեիք այս երկու տարիների ընթացքում»։