Բացել լրահոսը Փակել լրահոսը
հ
A A
Պաշտոնական

Իրական լուծումներ չարձանագրելու դեպքում ստիպված ենք լինելու այն ծախսել պայքարի վրա․ «Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունը

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Գիտուժ» նախաձեռնության անդամների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի, ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և ԲՏԱ փոխնախարար Գոռ Մելիքյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում գիտության բնագավառում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված գործողությունները։ Ստորև ներկայացնում ենք «Գիտուժ» նախաձեռնության՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությունը։ 

Հարգելի հայրենակիցներ, 

Գիտության զարգացումը պետության հզորացման և անվտանգության ամրապնդման կենսական գործոն է։ Ինչպես գիտեք, մոտ մեկ ամիս է Հայաստանում գիտական ներուժի վերացումը կանխելուն և կտրուկ զարգացումն ապահովելուն ուղղված գործողությունների մեր պահանջը ստիպված վերածել ենք հանրային շարժման։ Վերջինս նաև պայմանավորված է այն գիտակցությամբ, որ բացառապես համատեղ ուժերով, գիտելիքներով և ջանքերով կարող ենք հզորացնել մեր գիտությունը՝ դրանով իսկ նպաստելով մրցունակ և անվտանգ պետության կառուցմանը։ 

«Գիտուժ»-ն այլևս միայն տեխնոլոգիական համայնքի նախաձեռնություն չէ։ Այս կարճ ժամանակահատվածում մեր պահանջին են միացել բազմաթիվ անհատներ, խոշոր ասոցիացիաներ, միություններ և ակումբներ, որոնք միասին ընդգրկում են ավելի քան 700 ընկերություններ։ Ընդհանուր խնդրի լուծման օրակարգի շուրջ այսպիսի կոնսոլիդացիան գործարար համայնքում աննախադեպ է։ Ամեն օր մեր պահանջին շարունակում են միանալ տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ Մեր բազմաթիվ շփումները գիտական համայնքի հետ, ինչպես նաև հանրային ամենատարբեր խմբերի արձագանքները մեր կազմակերպած քննարկումներին, հրապարակած նյութերին և հարցազրույցներին, ցույց են տալիս, որ գիտության զարգացման հիմնախնդիրները մտահոգում են բոլորին, և մեր նախաձեռնության պահանջն այլևս հանրային է։ 

Անդրադառնալով բուն հանդիպմանը՝ փաստենք, որ ներկա պաշտոնյաները անհատական և հանրային քննարկումների ժամանակ բազմիցս նշել են, որ

գիտակցում են մեր կողմից ներկայացված բոլոր խնդրիրների լուծման կարևորությունը։ Սակայն, այնուհանդերձ, ստիպված ենք անել ցավալի արձանագրում. 

Պատկան մարմինների՝ հանդիպման ընթացքում արված առաջարկները ռազմավարական բնույթ չեն կրում և չեն ներառում պետության կողմից երկարաժամկետ հանձնառություն։ Այդ առաջարկներն իրենց ձևով և բովանդակությամբ համարժեք չեն գիտության բնագավառում առկա խնդիրների հրատապությանն ու խորությանը։ Մենք համոզված ենք՝ նման ոչ համակարգային լուծումները և հստակ տեսլական ու ռազմավարություն չունեցող գործողությունները տարիներ շարունակ քայքայել են և վերջնականապես վերացնելու են գիտական ներուժը Հայաստանում։ 

Մենք իհարկե գնահատում ենք նույնիսկ ամենափոքր դրական քայլը, սակայն հաշվի առնելով գիտության խնդիրների օրհասականությունը և դրանց աներկբա բացասական ազդեցությունը երկրի կարևորագույն ոլորտների վրա, ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր որոշում կայացնողներին կտրուկ վերանայել իրենց մոտեցումներն այս հարցի նկատմամբ։ Մենք հաստատակամ ենք «Գիտուժ»-ի ողջ ներուժն օգտագործել ի նպաստ Հայաստանում գիտության և գիտահեն տնտեսության զարգացման, սակայն իրական լուծումներ չարձանագրելու դեպքում ստիպված ենք լինելու այն ծախսել պայքարի վրա։ 

«Գիտուժ» նախաձեռնություն