Վարդան Մինասյանը լավատես է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Պարտիզան» - «Փյունիկ» խաղից առաջ Բելգրադում մամուլի ասուլիս է կազմակերպել տեղի լրագրողների համար:
Նա նշել է, որ «Պարտիզանը» չնայած հանդիսանում է հանդիպման ֆավորիտը, սակայն իր սաները չեն վախենում մրցակցից. «Մենք տեղյակ ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել «Պարտիզանի» կազմում: Նրանք բոլորն էլ բարձրակարգ խաղացողներ են: Մենք հարգում ենք մեր մրցակիցներին, բայց չենք վախենում: Ամեն թիմ ունի իր եւ ուժեղ, եւ թույլ կողմերը»:
Վարդան Մինասյանը Բելգրադ մեկնելուց առաջ հայտարարել էր, որ «Փյունիկը» պայքարելու է հաջորդ փուլ մտնելու համար. «Ես դա իրատեսական եմ համարում` հաշվի առնելով «Պարտիզանի» ցույց տված վերջին արդյունքները ստուգողական խաղերում եւ թիմի ներկայիս մարզավիճակը»:
Սակայն Բելգրադում նա այդ հարցում զգուշավորություն է դրսեւորել. «Մենք նախ պետք է կատարենք առաջին քայլը: Հետո նոր կմտածենք պատասխան քայլի մասին»:
Ի դեպ, Վարդան Մինասյանը պատրաստ է զոհաբերել 2010 թ չեմպիոնի կոչումը, միայն թե «Փյունիկի» հետ կարողանա հաղթահարել չեմպիոնների լիգայի որակավորման փուլերը: Դա վկայում է այն մասին, որ մեր հանրապետության ողջ առաջնությունն իր նշանակությամբ անգամ զիջում է եվրոպական գավաթների որոկավորման փուլին:
Հիշեցնենք, որ «Պարտիզան» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա այսօր, Երեւանի ժամանակով 23:45-ին: