Բացել լրահոսը Փակել լրահոսը
160014950_1144335352682189_4751326670162654958_n
A A
Պաշտոնական

Մեկնարկեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը

Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ազդարարեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ)։

 

Ծրագրի գործընկերները ներկայացրեցին LEAD ծրագրի հիմնական նպատակները, այն է՝ տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) առաջնահերթություններից: 

 

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման ծրագիրը, որի մեկնարկն ազդարարում ենք այսօր,  բխում է մարտ ամսից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առաջնահերթություններից։ Սույն համաձայնագրում հատուկ շեշտադրում է արված նաև տարածքային համաչափ զարգացման և համագործակցության վրա: ՀԸԳՀ-ն ուժի մեջ է մտել Հայաստանի համար դժվար ժամանակներում, սակայն Եվրոպական միությունը պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանին՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և դրական փոփոխություն բերելու մարդկանց կյանքում՝ աջակցելով համակարգային դիմակայնություն ապահովող և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացմանը», - իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

 

14.6 միլիոն եվրո բյուջե ունեցող 4-ամյա LEAD ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրերից: Ավստրիայի զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող և ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի զարգացման» (LEAD4Shirak) ծրագիրը, ինչպես նաև ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը (LEAD4Lori and Tavush) կենտրոնանալու են Հայաստանում՝ Եվրոպական միությունում լայնորեն կիրառվող գյուղական զարգացման LEADER մեթոդաբանության տեղայնացման վրա: Այս փորձված մոտեցումը կիրառվում է վերհանելու և աջակցելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացմանը՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի ու քաղհասարակության դերակատարների ջանքերը:

 

«Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է նպաստել գյուղական համայնքների զարգացամանը՝ ստեղծելով զբաղվածության նոր հնարավորություններ: Ակնկալում ենք, որ ծրագրի իրականացման արդյունքում շոշափելի փոփոխություններ կտեսնենք Հայաստանում և պատրաստակամ են այդ փոփոխության մասը կազմել» - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

Երրորդ ենթածրագիրը՝ ՄՔՄՄԿ -ի կողմից իրականացվող «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT) ծրագիրն ուղղված է միգրանտների և նրանց ընտանիքի անդամների ներուժի մոբիլիզացմանը՝ նպատակ ունենալով խրախուսել արտերկրից դրամական փոխանցումների թիրախային օգտագործումը և վերադարձող միգրանտների կամ միգրանտների ընտանիքների անդամների ֆինանսավորման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն ու բիզնեսի զարգացումը:

 

«Խորհրդանշական է այն հանգամանքը, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի մեկնարկը տալիս ենք ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պաշտոնապես ուժի մեջ մտնելուն զուգահեռ։ Համոզված եմ, որ սա շատ լավ նախադրյալ է, և մեր համատեղ ջանքերը՝ ուղղված այս ծրագրի իրագործմանը, որակապես նոր մակարդակ կտեղափոխեն ՀՀ-ում եվրոպական արժեքների տեղայնացումը։ Հուսով եմ, որ Հայաստանի հյուսիսային երեք մարզերում այս Ծրագրի հաջող իրագործումը նաև ամուր նախադրյալներ կստեղծի մնացած մարզերում ևս LEAD-ի փիլիսոփայության տեղայնացման և, ինչու չէ, այն մեր համատեղ ջանքերով իրականացնելու համար»,– ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։  

 

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի առնվազն 250 նոր աշխատատեղ, կֆինանսավորի/աջակցություն կստանա ավելի քան 225 համայնքային զարգացման նախաձեռնություն, 160 գյուղական բիզնես և միգրանտների/նրանց ընտանիքների անդամների կողմից իրականացվող 150 բիզնես նախաձեռնություն, առնվազն 500 շահառու կստանա ուսուցում՝ սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման վերաբերյալ:  Ընդհանուր թվով ավելի քան 9000 շահառու կներգրավի ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներում:  

 

Ծրագրի մեկնարկը կայացավ առերես և առցանց ձևաչափով՝ պետական կառավարման մարմինների, մարզային և տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ։