Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պարզվեց, թե ով է ՀՀ-ում մաֆիա ղեկավարում․ փաստաբանը՝ Նիկոլ Փաշինյանի օգնականի վերաբերյալ տեսանյութի մասին (տեսանյութ)

 Բացահայտվել է ծանրագույն հանցագործություն։ Պարզվել է՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը ուղղակի միջամտութուններ է իրականացնում ՀՀ-ում արդարադատության իրականացմանը,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը՝  անդրադառնալով տեղեկություններին, թե Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին: 

«Մեր ձեռքի տակ ընկած փաստական տվյալները ուղիղ ցույց են տալիս, որ Ռուբեն Հայրապետյանին և որդուն առնչվող քրեական գործով տիկին Վարդապետյանի կողմից որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է խմբագրվում»,- ասաց նա։

Փաստաբանը պնդում է՝  ղեկավարության կողմից պատվիրվում է՝ անձանց ինչ մեղադրանքներ առաջադրվեն, ինչը մաֆիային բնորոշ գործելակերպ է․

«Այն մաֆիայի մասին եմ ուզում խոսել, որի մասին նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն էր խոսում ԱԺ ամբիոնից: Համոզված եմ՝ խոսքը կոնկրետ ուղղված էր ինձ՝ որպես մաֆիոզ իրավաբան: Պարզվեց՝ ով է ՀՀ-ում մաֆիա ղեկավարում և բացահայտվեց»։

Փաստաբան Գեորգի Մելիքյանն էլ պնդում է՝ պարզ է դառնում, որ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների նկատմամբ  քրեական հետապնդում իրականացրել է  ոչ թե քննիչ Արթուր Այվազյանը, այլ Աննա Վարդապետյանը, իսկ բաժնի պետը Նիկոլ Փաշինյանն է։

Ամրամ Մակինյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս են ծանոթացել գործով քննիչը և վարչապետի օգնականը, և սկսել են այս քրեական գործով նախաքննությունը ուղղորդել․

«Ի՞նչ էր անում Գլխավոր դատախազությունը, որը այս գործի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացնում։ Ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանին տրամադրի տեղեկութուններ, որ Աննա Վարդապետյանի կողմից ստացած հանձնարարությունները խելոք կատարի։ Այս հարցի պատասխանը պետք է տա ՀՔԾ պետը»։

Փաստաբանը կասկած է հայտնում՝ արդյո՞ք Արթուր Այվազյանը միակ քննիչն է, ով Աննա Վարդապետյանի հետ ուղիղ կապի մեջ է․

«Ես համոզված եմ, որ սա պայմանավորված է խմբային շահով, հանձնարարությունը կոնկրետ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, միգուցե  նաև, որ դատական ակտն էլ գրված է, որը հետո պիտի ուղարկվեր»։

Փաստաբանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե քննչականները ուղարկում են դատարաններ, դատարանները այդ գործերը ջարդում են, ըստ փաստաբանի՝ պարզվում է՝ քննչականները չեն ուղարկում, այլ ինքն է ուղարկում․

«Փառք ու պատիվ դատարաններին, որ դատավորները չեն լսում»,-ասում է Մակինյանը և հավելում ՝ քննչականը դարձել է ստորագրություն դնող։

Մակինյանը համոզված է՝ դեպքը եզակի չէ և այս արտահոսքը կարող է կապված լինել նրա հետ, որ քննիչները հոգնել են Աննա Վարդապետյանից․

«Մարդիկ գիտեն, որ այսօր չէ վաղը պատասխան են տալու բառից բուն իմաստով։ ԱԱԾ-ն եթե չի ուզում մասնակից դառնա այս ամենին, պետք է քրեական գործ հարուցի և քրեական գնահատան տա»։

Փաստաբանը համոզված է՝ Հայրապետյանների գործով ամեն ինչ կանխորոշված է եղել․

«Սա քաղաքական հետապնդում է՝ ուղղված ուղիղ Ռուբեն Հայրապետյանի դեմ»,-համոզմունք է հայտնում Մակինյանը և պնդում՝ քրեական արդարադատությունը իրականացվում է մեկ գրասենյակից։


 ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր  Ռուբեն Հայրապետյանը  մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ Նույն արարքների համար մեղադրվում է նաև որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, ևս 4 հոգի։


 Հարուցված քրեական գործի շրջանակներում , ըստ ՀՔԿ-ի, պարզվել է, որ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։