«Պարտիզանները» հետախուզում են «Փյունիկին»
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2010-11 թթ խաղարկության որակավորման 2-րդ փուլի «Պարտիզան» - «Փյունիկ» հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն միայն հուլիսի 13-ին եւ 14-ին: Այդ մասին տեղեկացնում է սերբական ակումբի պաշտոնական կայքէջը: Դրանց գները տատանվում են 300-1500 սերբական դինարի սահմաններում: Նշենք, որ 82.6 դինարը համարժեք է 1 ԱՄՆ դոլարին:
«Պարտիզանները» «Փյունիկի» հետ խաղին սկսել են պատրաստվել հուլիսի 9-ից: Ինչպես տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոյեւիչը, իրենք բավական լավ են ուսումնասիրել մրցակցին:
««Փյունիկի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի մասին մենք 20 րոպեանոց տեսահոլովակներ են պատրաստել, որոնք բաժանել ենք մեր խաղացողներին, որպեսզի ամեն մեկը ծանոթանա իր անմիջական մրցակցի հետ: Բացի այդ հատուկ տեսաֆիլմ ենք պատրաստել «Փյունիկի» խաղաոճի մասին, որտեղ նշված են մեր մրցակցի ուժեղ եւ թույլ գծերը», - մամուլի ասուլիսին լրագրողներին հանգստացրել է Ալեքսանդր Ստանոյեւիչը:
Նշենք, որ «Պարտիզանն» այդ խաղին հայտավորել է 22 խաղացող: Գլխավոր մարզիչն արդեն հայտարարել է, որ դարպասը կպաշտպանի փորձառու Ռադիշա Իլիչը: Խաղին չի կարող մասնակցել «Պարտիզանի» նորեկ, սլովենացի հարձակվող Գորան Գալեշիչը, քանի որ դեռ չի լուծվել նրա տեղափոխման հարցը: